ՀՀԿ–ի հայտարարությունն ադեկվատ չէ. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է Հանրապետական կուսակցության հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ–ի հայտարարություններն ադեկվատ չեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը, նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

ՀՀԿ–ն նոր հայտարարություն է տարածել

«Ատելության խոսքը, ատելության քարոզը շատ հստակ սահմանում ունի, նույնիսկ` միջազգային սահմանում։ Ամբողջ աշխարհում ընդունված ընկալում ունի։ Այն, ինչ իրենք նկատի ունեն, ատելության խոսք չէ։ Նախընտրական քարոզարշավները հենց դրա համար էլ նախընտրական քարոզարշավներ են, որպեսզի լինի մրցակցություն և՛ սեփական դրական կողմերի մատնանշմամբ, և՛, ինչու չէ, նաև մրցակիցների թերությունների մատնանշում»,– ասաց Միրզոյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը չթաքցրեց, որ թե՛ ինքը, թե՛ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վերապահումներ ունեն ՀՀԿ–ի և այդ կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։

«Ի վերջո մենք ստանդարտ ընթացակարգերով չենք անցնում։ Հեղափոխություն է եղել, և ժողովուրդն այդ մարդկանց հեռացրել է իշխանությունից, որովհետև ժողովրդի գիտակցության մեջ, և արդեն ապացուցված է որոշ քրեական գործերով, այդ կուսակցության ներկայացուցիչները հանցանք են գործել մեր նկատմամբ»,– ասաց նա։

Ըստ Միրզոյանի` ՀՀԿ–ն Հայաստանը քաշել է դեպի խավար, ու այդ մասին նրանց պետք է պարբերաբար հիշեցնել, որ չմտածեն, թե ժողովուրդը մոռացել է։

Հիշեցնենք` ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբը երեկ` նոյեմբերի 27-ին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում էր, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի առաջին 2 օրերին` նոյեմբերի 24-ին ու 25-ին, մի շարք արտահայտություններ է արել, որոնք ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են։