Ցանկալի է, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի. Սարգսյանը հաջողություն է մաղթում Փաշինյանին

Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանի հայտարարած նպատակներն ազնիվ են` երկրի բարեկեցություն, երիտասարդների համար նոր հնարավորություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը մաղթել է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակներն իրականանան։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

ՀՀԿ–ն` որպես նախկին իշխանական կուսակցություն, չէր կարող քաղաքական դեֆոլտ թույլ տալ

Հանրապետականի խոսքով` նոր իշխանությունն ընդհանուր առմամբ շարունակում է ՀՀԿ–ի քաղաքական կուրսը։

«Հայտարարվել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի, 2019թ.-ի բյուջեն մեր ժամանակ մեր կուսակցության նախապատրաստած եռամյա միջնաժամկետ պլանավորման համաձայն է։ Բնակչությանը մտահոգող հիմնական հարցերի վերաբերյալ, ըստ երևույթին, հայտարարվել է կուրսի նմանություն», – ասել է Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ իրեն անհանգստացնում է կատարման որակը։

«Քանի որ մենք տեսնում ենք ոչ միայն անփորձ թիմ, այլև մենք տեսնում ենք մարդկանց թիմ, որը պատրաստ չէ պետական որոշումներ կայացնել, ու նրանցից յուրաքանչյուրը պետական կառավարման հսկայական հատված է գլխավորում։ Կա վստահության շատ բարձր մակարդակ կառավարության ղեկավարի նկատմամբ։ Վարչապետի անձնական վարկանիշը, իսկապես, չափից դուրս բարձր է, ու մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում։ Ցանկալի է, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի, քանի որ, վերջիվերջո, նրա հայտարարած նպատակներն ազնիվ են՝ երկրի բարեկեցություն, նոր հնարավորություններ երիտասարդների համար»,– ասել է Սարգսյանը։

Հանրահավաքներ, մանդարին և շտաբ-մեքենաներ. ինչո՞վ կհիշվի նախընտրական այս քարոզարշավը

Պաշտպանության նախկին նախարարը ցավով նշել է, որ հայտարարված նպատակներն ու իրականությունը չեն համապատասխանում իրար։

«Օրինակ՝ 150 հազար ծառայողի կրճատման ծրագիրը․ սա հսկայական թիվ է, այսինքն` գործնականում ամեն 4-րդ աշխատողը երկրում։ Նախարարությունների կեսը կրճատելը հապշտապ որոշում է»,- նշել է Սարգսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5–ով։