ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի թույլ տված կոպիտ և վտանգավոր սխալն էր։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Նախկինում Շահնազարյանն ու ՀՀ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում էին ընդդիմադիր նույն ճակատում։ Այսօր Շահնազարյանը հայտնվել է ՀՀԿ ցուցակում, կուսակցություն, որին նախկինում քննադատում էր և դարձել է Փաշինյանի խիստ ընդդիմախոսներից մեկը։
Շահնազարյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքները չեն արտացոլի ներքաղաքական բաշխվածությունը։ Իրական վիճակը կարտացոլվի միայն 2-3 ամիս անց, երբ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի վարկանիշը կընկնի։ Այսպիսով, Փաշինյանի հաղթանակը սպասվող ընտրություններում իշխանությունը ոչ լեգիտիմ կդարձնի։
Դավիթ Շահնազարյանը նաև համաներման համար քննադատեց իշխանություններին, ինչի արդյունքում ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, որոնք հիմա կուսակցություն են ստեղծել։ Շահնազարյանի կարծիքով` այն ոստիկանների ընտանիքների համար, որոնց վրա կրակել էին խմբի անդամները, ավելի մեծ վիրավորանք անհնար էր մտածել։
Շահնազարյանը գործող իշխանության միակ և իսկական ընդդիմություն է համարում ՀՀԿ–ին։ Այդ պատճառով էլ նա որոշել է մասնակցել ընտրություններին հենց այս կուսակցության ցուցակի կազմում։