ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգում այսօր առավոտյան կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը։
«Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո»,– գրված է տեղեկատվության մեջ:
Կենդանաբանական այգին այս պահին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրում։ Սակայն, ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը, կենդանու դիակից բացի լաբորատոր փորձաքննության է ենթարկվելու նաև ջուրը, որտեղ պահվում էր նա։
Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգում 2 կոկորդիլոս կար, որոնցից մեկին այսօր սատկած են հայտնաբերել։
Հիշեցնենք` վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Վերջերս երկու էգ արջ անսպասելիորեն հարձակվել էին երրորդի վրա և հոշոտել նրան։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց զեբրի թունավորման մասին։
Կենդանու բուժումն իրականացրել են տեղի անասնաբույժները, որոնք խորհրդակցել են Լեհաստանի, Հոլանդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և Իրանի մասնագետների հետ։ Չնայած բոլոր ջանքերին` կենդանուն փրկել չի հաջողվել։
Իսկ արջերի պարագայում ի հայտ է եկել նոր հանգամանք. տեսանյութը, որը տարածվել էր, վաղ առավոտյան նկարահանել էր Այգու աշխատակիցներից մեկը՝ փոխանակ միջոցներ ձեռք առնելու, որ երկու մեծ արջերը չհասցնեին վնասել ավելի երիտասարդին: