ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ոչ մի տարաձայնություն չի ունեցել 2018թ–ի օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովայի հետ։
2018թ–ի օլիմպիական խաղերում երկրորդ տեղը զբաղեցրած Մեդվեդևան հեռացել է Էթերի Տուտբերիձեի խմբից, որտեղ մարզվում է նաև Զագիտովան, և այժմ մարզվում է կանադացի մասնագետ Բրայան Օրսերի մոտ։ Ավելի ուշ Տուտբերիձեն Առաջին ալիքին ասել էր, որ Մեդվեդևան խնդրել էր իրեն Զագիտովային ևս մեկ տարի պահել պատանիների շարքում, որպեսզի կարողանա հաղթել Փհենչհանում։
«Իրականում կարող եմ հասկանալ, թե ինչու է դա ասվել։ Ասվել է, որովհետև տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Բայց ես լրիվ նորմալ եմ վերաբերվում այն աղջիկներին, որոնք գալիս են պատանիների շարքից, որովհետև ես ինքս էլ եմ այդ փուլն անցել և 15 տարեկանում հաղթել եմ բոլորին։ Բայց ես առաջին հերթին չեմ ուզում և իրավունք չունեմ ինչ–որ բան ասել այդ թեմայով, որովհետև, կրկնում եմ, ես ինքս պատանիների շարքում եմ եղել։ Եվ չեմ խնդրել, որ ինչ–որ մեկին պահեն նրանց շարքերում։ Առնվազն հիմարություն է», – ասել է Մեդվեդևան։
«Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ ես հասկանում եմ, թե ինչու է դա ասվել։ Ես նորմալ մարդ եմ և չեմ պատրաստվում բացասաբար արձագանքել դրան, բայց Առաջին ալիքի ռեպորտաժում ասվել է, որ դա մանկական արտահայտություն է եղել։ Հիմար մանկական արտահայտություն` խնդրել ինչ–որ մեկին սառույցից դուրս գալուց հետո... Ես փորձեցի հիշել, բայց չհիշեցի», – ասել է նա։
Մեդվեդևան նաև ավելացրել է. «Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ որոշել, որ ես ու Զագիտովան կոնֆլիկտ ունենք։ Իմ ու Ալինայի միջև նման բան չի եղել։
Ավելի ճիշտ, ես չեմ խոսի Ալինայի փոխարեն։ Ես կխոսեմ իմ անունից։ Ես Ալինայի հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել։ Ոչ մի թշնամանք չի եղել», – ասել է նա։
«Ես միլիոն անգամ ասել եմ, որ տեսել եմ` ինչպես է մարդը աշխատում։ Նա հյուծվելու աստիճան աշխատել է։ Երբեք չեմ տեսել, որ ինչ–որ մեկն իմ աչքի առաջ աշխատեր այնպես, ինչպես Ալինան։ Բարդ ժամանակ էր, մենք երկուսս էլ շատ ջանքեր, նյարդեր և առողջություն ենք ծախսել։ Ես նրան խորապես հարգում եմ` որպես մարզիկի, որովհետև նման բարդ օլիմպիական խաղաշրջանից հետո նա շարունակում է պահել իր կարգավիճակը, և դա շատ թանկ արժե», – ասել է աշխարհի կրկնակի չեմպիոնը։
Հիշեցնենք, որ Եվգենյա Մեդվեդևան չորրորդ տեղն է զբաղեցրել ֆրանսիական Գրենոբլի Գրան պրիի փուլում։
Նա երկու սխալ է արել ազատ ծրագրում, հավաքել է 125,26 միավոր` կարճ և ազատ ծրագրերի արդյունքում վաստակելով 192,81 միավոր։ Այդ միավորներով նա չի կարող մասնակցել Գրան պրիի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Վանկուվերում։