«Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ զինվորից գողացվածները պետք է հետ բերվեն, և զինվորից գողություն անողները չեն ներվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, բայց ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը նրա հայտարարության կապակցությամբ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վատ հռետոր, կամ պտուղները քաղելու նախանշան. ի՞նչ է ասել Սասուն Միքայելյանը

Ըստ Փաշինյանի՝ ինքն էլ է զգացել, որ ոչ այնքան հաջող ձևակերպում է արել և փորձել է իրեն ուղղել ասելով, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը:

«Այս ճշգրտումներից հետո չեմ հասկանում՝ ինչու են ոմանք առանձնապես ոգևորվել: Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Զինվորի բաժինը գողացողների հետ ընկերակից և մասնակից են եղել: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական միավորներ հավաքեն»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ թույլ չի տա դա անել:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ զինվորից գողացվածները պետք է հետ բերվեն, և զինվորից գողություն անողները չեն ներվելու:

«20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէր ունենում, և հույս ունեք, որ շարունակելո՞ւ եք. հույս չունենաք: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիաների ենթարկեն: Թալանչիների ժամանակն անցել է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»: