«Հայաստանի աշխատավորները արտասովոր ոգևորությամբ և հպարտությամբ ընդունեցին արտահերթ ընտրություններից առաջ անցկացվող նախընտրական քարոզարշավի մեկնարկը», – ոչ հեռու անցյալում այսպես կգրեին այսօրվա թերթերը։ Նման տեքստ դժվար է պատկերացնել այսօրվա իրողություններում, քանի որ աշխատավորներ շատ քիչ են մնացել, իսկ «արտահերթ ընտրություններ» ասվածն այն ժամանակ գոյություն չուներ. այն ժամանակ նույնիսկ հերթական ընտրություններն էին ընկալվում որպես ծանր պարտականություն և հաստատ լայն քննարկման առարկա չէին դառնում։
Մյուս կողմից, շատ նման է խորհրդային և ներկայիս հայաստանյան ընտրությունների արդյունքների կանխորոշվածությունը։ Իսկ «ոգեշնչվածություն» և «հպարտություն» առանձնակի ո՛չ այն ժամանակ էր նկատվում, ո՛չ էլ այսօր, և եթե որևէ մեկը նման հուզական վիճակում էր գտնվում, ապա այն պետք է խարխլվեր Սասուն Միքայելյանի խոսքերից հետո։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը ապշեցնող բան ասաց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կռեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այդ հաղթանակը, որը կատարվեց ազգի քաջորդիների շնորհիվ, այդ հաղթանակը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, ժողովուրդն էլ, կներեք, չպատկերացրեց, թե մարդիկ ինչու իրենց գլուխները դրեցին զոհասեղանին»։
Նման ընդարձակ ցիտատը մեջբերվել է խուսափելու համար այն հնարավոր մեղադրանքից, որ Միքայելյանի խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել։ Սակայն ընդհանրապես անհնար է պատկերացնել, որ այս խոսքերն ասվել են հայկական հողի վրա, այն էլ մի մարդու կողմից, որն իր ներդրումն է ունեցել արցախյան հաղթանակում։
Բնականաբար, հարց է ծագում. այս ի՞նչ էր։ Եվ դրան մի քանի պատասխան կարող է լինել։
Գուցե, Սասուն Միքայելյանը, որը հռետորական արվեստի դասընթացներ չի անցել, դերասանական խոսքի կորիֆեյ չէ, այն էլ նախընտրական քարոզարշավի պաթոսում, պարզապես ցանկանում էր ավելորդ անգամ խայթել «նախկիններին»` մեղադրելով նրանց նաև այն բանում, որ ժողովուրդն իր վրա չզգաց սեփական հերոսության արդյունքները։
Չգիտեմ, արդյունքների մասին, սակայն հայ ժողովուրդը հիանալի գիտի իր հաղթանակի իմաստն ու նշանակությունը, և ոչ մի իշխանություն՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա այդ գիտակցումը նրանից չի խլի։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ զանգվածային կերպով հրաժարվում են ընկալել Միքայելյանի խոսքերը, կրկին ու կրկին ապշելով, թե ինչպես կարող էր պատերազմի մասնակցի մտքում ծնվել նման նախադասություն. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կռեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
Նույնիսկ, եթե դա «նախկիններին» խոցելու փորձ էր, ցանկալի է դրա համար պակաս զգայուն թեմաներ ընտրել։ Թեմաներ, որոնք անհավանական բազմանշանակ և բազմիմաստ չեն, որոնք մեզանից յուրաքանչյուրը անձնական չի համարում. կարևոր չէ անցե՞լ է նա այդ պատերազմը, թե ոչ։
Բազմաթիվ այլ առիթներ կան ««նախկիններին» կպնելու» համար, առավել ևս, որ վերջիններս անձամբ անդադար ստեղծում էին այդ առիթները։ Հույս կա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ղեկավարության մեջ խոսակցություն կլինի, և Սասուն Միքայելյանը մոտ օրերս բոլորին կպարզաբանի, թե ինչ է նկատի ունեցել։
Իհարկե, հավանականություն կա, որ ոչ մի պարզաբանումներ չեն հետևի։ Այդ ժամանակ ոչինչ չի մնում, քան համարել, որ այդ խոսքերը մտածված են ասվել, հատուկ. որպես պետքական կարգախոս, կոնտեքստի մեջ վերցրած նախապես կազմած բառակապակցություն։ Սակայն խոսքն ասված է, սերմերը ցանված. հիմա է դեռ, որ սերմերը բավարար չեն, սակայն յուրաքանչյուր նման նոր ցանքով կմոտենա պտուղները քաղելու ժամանակը։