Արտերկիր նախատեսվող ցանկացած ուղևորությունից առաջ պետք է ճշտել, թե այդ երկրի մուտքի համար ինչ է անհրաժեշտ: Լիբանան կարճաժամկետ հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագիր` վիզա պետք չէ, երկիր մուտք գործելու թույլտվություն մի քանի րոպեում` առանց ավելորդ թղթաբանության և գումարի հնարավոր է ստանալ հենց օդանավակայանում:
Ի դեպ, Հայաստանից Լիբանան և հակառակ ուղղությամբ ուղիղ թռիչքներ կան ամբողջ տարվա ընթացքում, զբոսաշրջային թեժ շրջանում՝ high season-ի ընթացքում, Հայաստանից դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնում են միանգամից երկու ավիաընկերություն։ Թռիչքի տևողությունը մոտ 2 ժամ է, ավիատոմսերի միջինը արժեքը՝ 350 դոլարին համարժեք դրամ:
Լիբանան մեկնելուց առաջ մի բան նկատի ունեցեք. սա մատչելի, ինչպես ասում են՝ էժան երկիր չէ... Ի՞նչն է երկրում թանկ: Օրինակ, տաքսին. դրա համար նախապես պատվիրեք տրանսֆեր օդանավակայանից մինչև ձեր հյուրանոց, այլապես պատրաստ եղեք մի ամբողջ «կարողություն» թողնել տաքսու վարորդին:
Որտե՞ղ ընտրել հյուրանոց. սկսենք նրանից, որ Լիբանանը շատ փոքր երկիր է, որը Միջերկրական ծովափին փռված է երկարությամբ: Նույն կերպ երկարությամբ և մեկմեկու կիպ-կիպ տեղակայված են քաղաքները: Երբ էիք Բեյրութում և երբ դուրս եկաք Բեյրութից ու փոքրիկ մեկ այլ քաղաքում հայտնվեցիք՝ դժվար թե նկատեք: Օրինակ՝ կարող եք հյուրանոց ընտրել Բեյրութից մոտ 40 րոպե հեռավորության վրա գտնվող Ջունի փոքրիկ, առողջարանային քաղաքում: Ջունիում մնալու դեպքում դուք բավական գումար կխնայեք ուղևորափոխադրման համար, եթե, իհարկե, որոշել եք հյուրանոցից ու ծովափից բացի էլի բան տեսնել. այստեղ շատ են ժամանցի կենտրոնները, հետաքրքիր լիբանանյան ռեստորանները, որոնցում լանչի կամ ընթրիքի համար կծախսեք միջինը 20-25 դոլար:
Լիբանանում կարելի է համատեղել ծովային հանգիստն ու պատմական բացառիկ հուշարձաններ տեսնելը:
Մեքենա վարձելը, մեղմ ասած, այնքան էլ խելամիտ որոշում չի լինի, որովհետև Լիբանանում չկան կարմիր և կանաչ լույսեր, ճանապարհային նշաններ, մեքենան վարելու «օրենքներն» այստեղ այլ են. մարդիկ վարում են այնպես, ինչպես հարմար է: Նյարդեր խնայելու և բախտը չփորձելու համար ավելի լավ է էքսկուրսիաներ պատվիրել: Ի դեպ, քանի որ Լիբանանում է հայկական ամենամեծ և ամենահին համայնքներից մեկը, հայերն ամենուր են, բոլոր ոլորտներում:
Ջունիից մի քանի րոպե հեռավորության վրա է Լիբանանի հայտնի Հարիսա ուխտավայրը: Հարիսա հասնելու համար մի քանի րոպե մեքենան բարձրանում է ոլորապտույտ ու գեղատեսիլ ճանապարհով, տարբեր բարձունքներում երևում են կանգնեցված մեծ խաչեր, եկեղեցիներ: Հարիսայում է Սուրբ Մարիամ Աստվածածնի հսկայական արձանը: Այստեղ քրիստոնյաներն ուխտագնացության են գալիս ոչ միայն Լիբանանի տարբեր կողմերից, այլեւ հեռավոր երկրներից` հավատով, որ Տիրամայրն անպայման կլսի իրենց անկեղծ աղոթքները:
Հաջորդ must visit-ը Բիբլոս քաղաքն է. այն գտնվում է Ջունիից մոտ 20 րոպե հեռավորության վրա, այս քաղաքն առանց ընդհատումների բնակեցված աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, որտեղ ժամանակին փյունիկցիներն են ապրել: Նրանց հետքերն ամենուր են... Կարող եք զբոսնել հին, նեղ փողոցներով, տեսնել հազարամյակներ առաջ կառուցված քաղաքի մնացորդներ և սրճել նեղլիկ փողոցներում տեղակայված փոքրիկ սրճարաններում, գնումներ կատարել հուշանվերների փոքրիկ կրպակներից: Ի դեպ, հուշանվերների մասին՝ սրանք նույնպես Լիբանանում էժան չեն. եթե, օրինակ, սովոր եք այլ երկրներից սառնարանի մագնիսներ գնել 1 դոլարով կամ եվրոյով, այստեղ պատրաստ եղեք վճարել 4-5 դոլար:
Եթե նախապես էքսկուրսիոն տուր պատվիրեք, ապա Հարիսա, Բիբլոս, Ջեիտա այցելությունը 1 օրվա ծրագրով կարժենա միջինը 70-80դոլար:
Եթե չեք սիրում շուտ քնել, սիրում եք ակտիվ, ակումբային կյանք՝ Լիբանանը հենց ձեր հանգստավայրն է:
Երեկոյան ժամը 11-ից հատկապես Բեյրութում և մոտակա քաղաքներում կյանքը ոչ թե դանդաղում, այլ ակտիվանում է, փողոցները դառնում են վառ լուսավորված ու մարդաշատ: Կեսգիշերին կյանքն արդեն եռում է:
Եթե հասել եք Լիբանան, ուրեմն անպայման պիտի 3 հայկական վայրերում լինեք ` Անթիլիասում` Մայր տաճարում, Այնճար գյուղում, Բուրջ Համուդ հայկական քաղաքում: Այստեղ բոլորը խոսում են հայերեն, անգամ այստեղ ապրող այլազգիները հայերեն են սովորել, աջ ու ձախ հայ գրություններով խանութներ են, սրճարաններ, տարբեր հաստատություններ և այլն: Ի դեպ, Բուրջ Համուդում կարող եք բավական մատչելի գնումներ կատարել` հագուստից մինչև միրգ, բանջարեղեն ու արևելյան քաղցրեղեն:
Այնճարը` մուսալեռցիների կողմից հիմնված դրախտավայր-գյուղը, Բեյրութից մոտ 2 ժամվա ճանապարհի հեռավորության վրա է: Անպայման գնացեք Այնճար, հատկապես որ Այնճարին շատ մոտ է Լիբանանի must visit վայրերից Բաալբեկը` հնագույն Հելիոպոլիս քաղաքը: Այստեղ են գտնվում են Լիբանանի Հռոմեական կայսրության տարիներից մնացած ամենալավ պահպանված ավերակները, այստեղ եղել են Յուպիտերին, Վեներային, Բաքոսին նվիրված տաճարները, Բաալբեկը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ - ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այնճար, Բաալբեկ մեկօրյա ճամփորդությունը կարժենա միջինը 70-80$:
Եթե «շոփագոլիկ» եք, ուրեմն պիտի անպայման DownTown-ում լինեք, որտեղ աշխարհի լավագույն բրենդները կգտնեք...
Լիբանանը կոնտրաստների երկիր է, այստեղ ամեն ինչ կա` ծով, հազարամյակների պատմություն, անհրապույր, կեղտոտ նեղլիկ փողոցներ, Փարիզի շքեղության մասին հիշեցնող մոդեռն պողոտաներ, զբոսավայրեր (օրինակ՝ Զեյթունա Բեյը), փոքրիկ, խարխուլ կրպակներ, հսկայական առևտրի կենտրոններ…