Արքաները «հալեցրին» սառույցը. Երևանում ցուցադրեցին «Ախթամարը» և Պլյուշչենկոյի սառցե շոուն

Երևանում տեղի ունեցավ «Ախթամար» սառցային շոուի և Եվգենի Պլյուշչենկոյի նոր շոու ծրագրի համաշխարհային պրեմիերան։ Գեղասահորդների անմոռաց ելույթների կադրերը դիտեք Sputnik Արմենիայի նյութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանում կայացավ «Ախթամար» սառցային շոուի և Եվգենի Պլյուշչենկոյի «Kings on ice» նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցեցին գեղասահքի աստղերը։

Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան և ոչ պակաս հայտնի գեղասահորդներ Արթուր Դմիտրիևը, Անաստասիա Մարտյուշևան, Կոնստանտին Գավրինը ներկայացրին «Ախթամարի» հավերժ սիրո ողբերգական պատմությունը։ Հայ հանդիսատեսին ներկայացվեց ուշագրավ շոու` վառ համարներով, օդային ակրոբատիկայով և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտությամբ։

Ծրագրի երկրորդ մասը` «Kings on ice»–ը, ավելի հետաքրքիր էր դասական գեղասահքի տեսանկյունից։ Ելույթների և երաժշտության բազմազանությունն անտարբեր չթողեցին նույնիսկ ամենաքմահաճ հանդիսատեսին։

Շոուն ավելի գունեղ դարձրին Արթուր Դմիտրիևի քառակի տուլուպը, Տատյանա Ռոզինովայի և Քսենյա Կորոբկովայի զուգապարը` Մայքլ Ջեքսոնի երաժշտության տակ, «Կարապի լիճ» հումորային համարը։

Հանդիսատեսը յուրահատուկ ջերմությամբ դիմավորեց Սլավիկ Հայրապետյանին։ Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմել էր, որ իրեն մարզում են ծնողները` Սամվել և Արմին Հայրապետյանները։

Արքաները «հալեցրին» սառույցը. Երևանում ցուցադրեցին «Ախթամարը» և Պլյուշչենկոյի սառցե շոուն

Երեկոյի ամենաաստղային պահը դարձավ Պլյուշչենկոյի ելույթը։ Նա սահեց Էդվին Մորտոնի «Magic Stradivarius» և Խոսե Կարերասի «En Aranjuez con tu amor» ստեղծագործությունների տակ։ Երկու ելույթներն էլ առատ էին անթերի ցատկերով, պտույտներով։

Արքաները «հալեցրին» սառույցը. Երևանում ցուցադրեցին «Ախթամարը» և Պլյուշչենկոյի սառցե շոուն

Շոուի վերջում գեղասահորդը խոստացավ կրկին գալ Հայաստան, և այդ հայտարարությունն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով։