ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik. Ուկրաինայի ՌԾՈւ–ի երեք նավ «հատել են Ռուսաստանի պետական սահմանը և շարժվում են Կերչի նեղուցի կողմը», ՌԻԱ Նովոստիին են հայտնել ԱԴԾ Ղրիմի սահմանային վարչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նավերը փակ ջրատարածություն են մտել առավոտյան ժամը 7:00–ի սահմաններում։ «Նավերը խախտել են ծովային իրավունքի ՄԱԿ–ի կոնվենցիայի երկու հոդված, որոնց համաձայն ափամերձ պետությունը պատասխանատու է ծովային տարածքի անվտանգության համար», –փոխանցում է ռուսական ԶԼՄ–ն։
Կերչում նավերին թույլատրվում է կայանել և երթևեկել Ռուսաստանի ծովային նավահանգստի կապիտանի հաստատած ժամանակացույցի համաձայն։ Կիևը հայտ չի ներկայացրել Կերչի նեղուցում նավագնացության համար, նավերը ժամանակացույցում ընդգրկված չեն։ Նավերը վտանգավոր մանևրումներ են կատարում և չեն ենթարկվում Ռուսաստանի իշխանությունների օրինական պահանջներին, նշում է պարբերականը։
ԱԴԾ–ն նշում է, որ «Ուկրաինայի սադրանքը արդեն հինգ ժամ է, ինչ շարունակվում է, Սահմանապահ ծառայությունն անում է հնարավոր ամեն բան, նավերի անօրինական գործողությունները կանխելու համար»։
ԶԼՄ–ների տվյալներով` Ուկրաինայում մեկնաբանել են նավերի անցումը։ ՌԾՈւ–ի պնդմամբ, երկու փոքր զրահապատ հրետանային ռազմանավերն ու ռեյդի նավաքարշ շոգենավը Օդեսայից Մարիուպոլի նավահանգիստ էին ընթանում։
Ուկրաինան պնդում է, որ նավագնացության անվտանգության համար միջազգային նորմերի համապատասխան` նախապես հայտարարել է անցումն իրականացնելու մտադրության մասին։
Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը խոստացել է, որ Ուկրաինայի ՌԾՈւ–ի երեք նավերի գործողություններն անպատասխան չեն մնա։
«Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի, այդ գործիչներին սթափեցնել համար։ Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, թող նրանք չմտածեն, որ իրենց ամեն ինչ թույլատրված է, քանի որ նրանց աջակցում են ԱՄՆ–ն և եվրոպական երկրները», – ՌԻԱ Նովոստիին է ասել Ֆիքսը։
Նրա խոսքով` Կիևի իշխանությունները պետք է խստորեն հետևեն ռուսական օրենքներին և նավագնացության միջազգային նորմերին Ղրիմի ափամերձ տարածքում և Կերչի նեղուցում։
«Կարծում եմ, որ նրանք կստանան բերաններին, և այդքանով ամեն ինչ կավարտվի։ Ոչ ոք թույլ չի տա խաղալ Ռուսաստանի հետ», – ընդգծեց Ֆիքսը։
Հիշեցնենք, որ Ազովի ծովում նավագնացության հետ կապված իրավիճակը սրվել է տարեսկզբին։