Երկրպագուները «հարձակվել են» Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի վրա` Գրան պրիում պարտվելու համար

Ռուս գեղասահորդուհին ազատ ծրագրում երկու սխալ է թույլ տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը չորրորդ տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի Գրենոբլում անցկացվող Գրան պրի մրցաշարում։

Մարզիկն ազատ ծրագրում երկու սխալ թույլ տվեց։ Նա 125.26 միավոր վաստակեց, իսկ կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում նա ուներ 192.81 միավոր։ Այս արդյունքը թույլ չտվեց անցնել Գրան պրի մրցաշարի եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Վանկուվերում։

Հասունացման պատճառով դժվար էր. Զագիտովան Մոսկվայում Գրան պրի է շահել, սակայն կա մի բայց

«Այն, ինչ տեղի ունեցավ ազատ ծրագրում... Հերթական անգամ չեմ ասի, որ դա ահավոր էր։ Դա բացառապես մտածողության խնդիր է։ Խոստովանում եմ սխալս, ես այն մարդը չեմ, որը չի ընդունում իր սխալները։ Խոստովանում եմ թուլությունս, այն գլխումս է», – ասել է Մեդվեդևան ելույթից հետո։

Միևնույն ժամանակ սոցցանցի օգտատերերն ու գեղասահորդուհու երկրպագուները շատ դժգոհ են և «հարձակվել են» աղջկա վրա նրա ձախողման պատճառով։

«Ամբողջությամբ ձախողեցիր։ Սա վերջն է։ Պետք չէր մարզչին փոխել», – գրում են օգտատերերը։

Նշենք, որ Գրենոբլում առաջին տեղը զբաղեցրեց ճապոնացի գեղասահորդուհի Ռիկա Կիհիրան (205,92)։ Երկրորդ տեղը` մեկ այլ ճապոնացի մարզիկ Մաի Միհարան (202,81), երրորդը` ամերիկուհի Բրեդի Թենելը (197,78)։

Հիշեցնենք նաև, որ Մեդվեդևան փոխել էր մարզչին և տեղափոխվել Կանադա, որտեղ մարզվում է Բրայան Օրսերի մոտ։