Մասնագետներն անհանգստացած են. կոկորդիլոսը կարող է Հայաստան բերել էկզոտիկ հիվանդություններ

Կոկորդիլոսների բերած հիվանդություններով վարակվելու դեպքում մարդը կարող է պարզապես տանջամահ լինել, քանի որ Հայաստանում այդ հիվանդությունների ախտորոշման ու բուժման փորձ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Կոկորդիլոսներ ներմուծելու և բուծելու հետևանքով Հայաստան կարող են ներմուծվել ու տարածվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք մինչ օրս մեր երկրում չեն հանդիպել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը` հիվանդությունների թվում նշելով սպարգանոզն ու տրիխինելոզը (ճիճվային հիվանդություններ)։

«Ու՞ր ես մտնում». կոկորդիլոսը հարձակվում է վարժեցնողի վրա. տեսանյութ (18+)

Հիշեցնենք` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերին հայտնել էր, որ առաջիկա տարիներին նախատեսվում է կոկորդիլոսաբուծարան հիմնել մարզի Դաշտավան գյուղում:

«Հայաստանում մենք ունենք 2 հիմնական կենդանատեսակ, որոնք հանդիսանում են այդ հիվանդությունների տարածողները։ Դրանք են կրծողներն ու սողունները։ Այսինքն` երբ մենք ներմուծում ենք կոկորդիլոսներ, այդ հիվանդությունների տարածման ռիսկն արդեն իսկ կամա թե ակամա կա, քանի որ դրանց արտաթորանքի վերամշակման ու չեզոքացման ծրագիր չկա։ Կատարվելու է այն, ինչ կատարվում է հիմա մեր բոլոր անասնապահական ֆերմաներում, այսինքն` արտաթորանքը թափվելու է շրջակա միջավայր կամ օգտագործվելու է գյուղատնտեսական նպատակներով»,– ասաց Գրիգորյանը։

ՊԵԿ-ը պետք է ճշտի` կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել. «Ժողովուրդ»

Փորձագետի խոսքով` քանի որ Հայաստանում այս հիվանդությունների ախտորոշման ու բուժման փորձ չկա, դրանցով վարակվելու դեպքում մարդը մինչ ճիշտ ախտորոշվելն ու ճիշտ բուժում ստանալը կարող է պարզապես տանջամահ լինել։

Նույն տեսակետը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Եվա Չիչոյանը։

Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում

«Հազվադեպ հանդիպող ախտանշանների դեպքում, հատկապես եթե պատկերացում չունես, որ դա կարող է ինչ–որ հազվադեպ հանդիպող հիվանդություն լինել, շատ դժվար է տարբերակել և ախտորոշել։ Բացի այդ, մինչ ախտորոշումը հիվանդությունը կարող է նաև տարածվել ու նույնիսկ համաճարակի վերաճել»,– ասաց նա։

Մեր զրուցակիցների խոսքով` հայ բժիշկները Հայաստանի համար օտար այս հիվանդությունների մասին լավագույն դեպքում միայն տեսական գիտելիքներ ունեն, բայց ոչ ախտորոշման ու բուժման փորձ, ինչը է՛լ ավելի վտանգավոր է դարձնում դրանց հնարավոր ներթափանցումը մեր երկիր։

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն օրերս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու Հայաստանում կոկորդիլոսաբուծարան չի բացվի։

«Թռչնասերների կենտրոն» և «Էկոլոգիական հասարակական միություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրականում բնապահպանության նախարարությունն այս հարցի շուրջ նախկինում միանգամայն այլ տեսակետ է ունեցել։

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում լուրջ միջոց չկա. Քրիստինա Գյուրջյան

«Սկզբնական շրջանում, երբ մի քանի բնապահպաններով դիմեցինք նախարարություն, ստացանք պատասխան, որ ծրագիրը չպիտի անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, քանի որ մեր օրենսդրության մեջ կոկորդիլոս տեսակը չկա, և մենք չունենք նորմեր, որոնք կհամապատասխանեն դրան»,– ասաց Ադամյանը և ավելացրեց, որ միայն բնապահպանների համառ պնդումների շնորհիվ է, որ նախարարությունն ի վերջո փոխել է դիրքորոշումը, և այսօր արդեն պարտադիր փորձաքննություն է պահանջում։

Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել

«Արմոտ» ՍՊԸ-ն Արարատի մարզի Դաշտավան գյուղում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են անելու, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները հասնելու են 10 մլն դոլարի: «Ներդրողը Տանզանիայից է, որը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,- դեռ սեպտեմբերին ասել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` հավելելով, որ ծրագրի շրջանակում կստեղծվեն նաև հանգստի գոտիներ, ատրակցիոններ, սննդի կետեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծրագրի հեղինակը գործարարը հայ է, որը ծնվել է Շիրակի մարզում և աշխատել Տանզանիայում։