ՀԱՊԿ անդամների Բաքվի հետ «սիրախաղը». ինչո՞վ կավարտվի Երևան–Մինսկ «հրետակոծությունը»

Բելառուսի և Ղազախստանի կողմից փակ քննարկման մանրամասները տեղեկատվական դաշտ հանելը թուլացրեց ՀԱՊԿ–ի դիրքերը Հայաստանում։
Sputnik

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ առաջացած լարումը կավարտվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ընթացքում։  Դժվար է ասել` արդյո՞ք Հայաստանին կհաջողվի պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը մերն է մինչև 2020 թվականը։

Գագաթաժողովին նախորդում է հզոր դիվանագիտական «հրետանային նախապատրաստություն»` Երևանի և Մինսկի միջև։ Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, Երևանը լուրջ դիմակայության բախվեց Խաչատուրովի փոխարեն Հայաստանի այլ ներկայացուցիչ նշանակելու փորձի ժամանակ։ Հայաստանի ճանապարհին կանգնեցին Բելառուսն և Ղազախստանը։

Արմեն Սարգսյանը պե՞տք է միջամտի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Բելառուսին անցնի այբբենական կարգով` բացատրելով դա նրանով, որ Հայաստանի ներկայացուցիչ լինելու դեպքում նոր գլխավոր քարտուղարը մնացած ժամանակահատվածում չի հասցնի լիարժեք տիրապետել իրավիճակին։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսախցիկների առջև Ադրբեջանի դեսպանին հայտնել էր Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները։

Ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ պարզաբանումներ կպահանջի, քանի որ երկու գործընկերների պահվածքը հակասում է նրանց պայմանավորվածություններին։  Աստանան չի պատասխանել, իսկ Մինսկը արձագանքել է ԱԳՆ ներկայացուցիչ Անատոլի Գլազի շուրթերով։ Վերջինս, շրջանցելով հարցի բուն էությունը, փաստորեն կշտամբել է ՀՀ առաջնորդին` «միջազգային դատախազի» գործառույթներն իր վրա վերցնելու ձգտման համար։ Որոշ ժամանակ անց, Փաշինյանը կրկին անդրադարձել էր այդ թեմային` ասելով, որ թույլ չի տա որևէ մեկին անտեսել Հայաստանի շահերը։

Մեր աղբյուրների տեղեկության համաձայն` Մինսկն ու Աստանան ներկա պահին Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ են առաջարկում` առանց բոլորի հետ նախապես հարցը քննարկելու։ Կռահելով, որ Հայաստանը հազիվ թե կողմ լինի դիտորդի կարգավիճակում Բաքվի հանդես գալուն` Ղազախստանն ու Բելառուսը փորձում են Երևանի վրա մաքսիմալ ճնշում  գործադրել։

Փաշինյանը գործարքի չի գնա. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` օդից կախ

Բացի այդ այս երկու երկրների առաջնորդների համար Հայաստանի ներկայացուցիչ գլխավոր քարտուղարը ըստ էության դիտարկվում է, որպես նախևառաջ Ռուսաստանին լոյալ մարդ։ Չցանկանալով համաձայնել, որ Գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա Հայաստանին` Մինսկն ու Աստանան այդպիսով անուղղակիորեն տորպեդավորում են կազմակերպության ֆլագման Ռուսաստանի քայլերը։

Ըստ էության, ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների ապակառուցողական պահվածքն ուղղված է կազմակերպության լոկոմոտիվի դեմ։ Մոսկվայի առաջատար դիրքը Մինսկի և Աստանայի կողմից ամեն կերպ վիճարկվում է։

Ղազախստանն ու Բելառուսը երկար ժամանակ համաձայն չէին, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչ զբաղեցնի։ Ամեն անգամ նշանակումը հետաձգելու համար որևէ պատրվակ էին հորինում։ Արդյունքում` Հայաստանին հաջողվեց անցկացնել իր ներկայացուցչին։ Սակայն այսօր Խաչատուրովի նկատմամբ հարուցած քրեական գործից հետո կրկին շահերի բախում է տեղի ունենում։

Երևանը, իհարկե, սխալ գործեց` Խաչատուրովին ձերբակալելով։ Սակայն դժվար է ասել, թե ինչ ռամզատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության մասին կարող է խոսք լինել, եթե երկու դաշնակիցներ իրենց այսպես են դրսևորում։

Բաքվի հետ խաղերը տպավորություն են ստեղծում, թե ՀԱՊԿ–ը գործող կառույց չէ։ Մյուս կողմից Հայաստանը ամենաբարձր մակարդակով երկկողմանի հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ, և դա բավարար է, անվտանգության հարցերն արդյունավետ լուծելու համար։

Հայկական կողմը այս իրավիճակում դեռ զգույշ կգործի, սակայն չի բացառվում, որ արդյունքում կարող է հետ կանչել ՀԱՊԿ–ում իր մշտական ներկայացուցչին։ Խնդիրն այն է, որ փակ քննարկման մանրամասները Բելառուսի և Ղազախստանի կողմից  տեղեկատվական դաշտ հանելը թուլացրեց ՀԱՊԿ–ի դիրքերը Հայաստանում։ Ում է դա շահավետ` ինքներդ դատեք։