ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 7 տարի առաջ ընկերների հետ նախաձեռնել էր «Չենք կռանում երթուղայինում» շարժումը։
«Եթե մարդը ստիպված է ինքը դուռը բացել, կռանալով նստել, կռանալով իջնել, առավել ևս կռացած երթևեկել, դա քաղաքային մշակույթ չէ»,– ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա այսօր էլ է այդ կարծիքին, բայց խուսափում է ասել` երբ հայաստանցին կկարողանա երթևեկել ավելի արժանապատիվ դիրքով։
«Ինչո՞ւ եմ ես խուսափում մոտավոր ժամկետ ասել։ Որովհետև Երևանի տրանսպորտը ֆունկցիոնալ առումով մեր գերատեսչության իրավասությունը չէ։ Մենք առաջիկայում կաշխատենք քաղաքապետի հետ և կոնկրետ պլանով կներկայացնենք ձեզ»,– ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է միջմարզային տրանսպորտին, նախարարի պաշտոնակատարի խոսքով, նախարարությունն այսօր վերահսկողություն է իրականացնում ուղևորափոխադրումների որակի նկատմամբ։
«Լինելու են ընկերություններ, որոնք շուտով զրկվելու են լիցենզիայից, որովհետև որքան էլ տեսչությունը նրանց նկատողություն է անում, միևնույն է` չեն ուղղվում»,– ասաց Արշակյանը։
Հիշեցնենք` Երևանի նախկին իշխանությունը տրանսպորտային նոր ցանց էր մշակել, որով երևանյան երթուղիների թիվը ներկայիս 115-ի փոխարեն պետք է դառնար 42–ը, տրանսպորտային միջոցներինը` 2039-ի փոխարեն 939։
Երևանում ուղևորափոխադրումները պետք է իրականացվեին ավտոբուսներով, այդ թվում` միակցված , մեծ տարողությամբ ավտոբուսներով։
Տրանսպորտային նոր ցանցը նախատեսվում էր գործարկել 2019թ-ից։