Երևանի քաղաքապետարանը «միլիմետրանոց» խախտում է թույլ տվել ավտոմեքենաներ գնելիս

2018թ-ի պետական մրցույթներում 140 խախտում են հայտնաբերել։ Կարագի փոխարեն սպրեդ են առաքել մանկատներ, իսկ մեքենաներ գնելիս փորձել են առաջ տանել իրենց դիլերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. 2018թ-ին պետգնումների ոլորտում հայտարարված ավելի քան 100 մրցույթներում խախտումներ են բացահայտվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ՀԷԿ-երի հետևում թաքնված պաշտոնյաները կբացահայտվեն. Արթուր Դավթյանը` խախտումների մասին

Մի շարք դեպքերում մրցույթի հաղթողները թղթի վրա ձևակերպել են խտացրած կաթի կամ կարագի առաքում, բայց իրականում մանկատներ և ծերանոցներ են ուղարկել բուսական սպրեդ և բուսական քաղցր խառնուրդներ։

«Այդ ապրանքների ընդունումը ոչ միշտ է պատշաճ ձևով անցկացվել։ Իհարկե, ոչ բոլոր հաստատությունները բյուջե ունեն իրենց ստացած պարենամթերքի լաբորատոր ստուգման համար, բայց կան ապրանքների որակին հետևելու այլ միջոցներ։ Այդ թվում ուղեկցող փաստաթղթերը՝ հարկային և որակի հսկողության», - նշեց Շաբոյանը։

Ուրիշ դեպքերում մրցույթ հայտարարած հաստատություններն իրեն պահանջները հարմարեցրել են կոնկրետ առաքողներին։ Օրինակ` Երևանի քաղաքապետարանն ավտոմեքենաների մրցույթ է հայտարարել և միլիմետրերով տեխնիկական բնութագիր է ներկայացել, որին համապատասխանել է կոնկրետ մոդելի մեքենա:

«Ակնհայտ է, որ դա արվել է, որպեսզի դրանց համապատասխանեն կոնկրետ մակնիշների, այսինքն կոնկրետ դիլերների ավտոմեքենաներ», - ասաց Շաբոյանը։

Պետգնումների ընթացքում բացահայտվել է 140 խախտում, որոնք թույլ են տվել և՛ մասնավոր ընկերությունները, և՛ պետական մարմինները։