Հայաստանցիների ավելի քան 60%–ը քվեարկելու է Փաշինյանի դաշինքի օգտին. հարցում

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн
Հետազոտության արդյունքում պարզվել է, թե քաղաքացիները քաղաքական որ ուժերին են ուզում տեսնել Ազգային ժողովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «GALLUP International association»-ը hարցում է անցկացրել Հայաստանում և պարզել, որ հարցման մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություն է լինելու։ Այսօր` նոյեմբերի 23-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը` նշելով, որ իրենք են նախաձեռնել հարցումը, որևէ պատվիրատու չի եղել։

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին` տեղյա՞կ են արդյոք, որ այս տարի ՀՀ-ում տեղի է ունենալու ԱԺ արտահերթ ընտրություն: Հարցվածների 97.1%-ը նշել է` այո, 2.9%-ը` ոչ: Նրանց, ովքեր ասել են «այո», խնդրել ենք նշել նաև ընտրությունների անցկացման ամսաթիվը: 71.4%-ը նշել է ճիշտ ամսաթիվը, 28.6%-ը դժվարացել կամ սխալ է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների մասնակիցներին հարցրել են նաև` խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ ձեր ձայնը։

Մասնակիցների 68.3%-ն ասել է` «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` ԲՀԿ–ին, 1.5%-ը` ՀՀԿ–ին, 1.2%-ը` «Լուսավոր Հայաստանին», 1%-ը` ՀՅԴ–ին, 0.9%-ը` «Սասնա ծռեր» կուսակցությանը, 0,3%-ը` Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցությանը, 0,3%-ը` «Մենք» կուսակցությունների դաշինքին, 0.2%-ը` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներին, 0.1%-ը` ՕԵԿ–ին, 0%-ը` «Ազգային առաջընթաց» կուսակցությանը։

Հետազոտության ընթացքում փորձել են պարզել նաև` մարդկանց հետաքրքրում է քաղաքականությունը, թե ոչ։

«Հարցման մասնակիցների 19.9%-ը նշել է, որ շատ է հետաքրքրված քաղաքականությամբ, 42.6%-ը` ավելի շուտ հետաքրքրված է, 19.5%-ը` ավելի շուտ հետաքրքրված չէ, իսկ 17.6%-ը` ընդհանրապես հետաքրքրված չէ»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունը կայանալու է 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։