Ավելի շատ ռեֆերատ վաճառող կա, քան ծխախոտ. Փաշինյանը` բուհերի անհասկանալի ինստիտուտի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթության որակից ու տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Քաղաքի կենտրոնում քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման դիտարկում է արել «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողվում։

«Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ տնտեսության քայքայումը սկսվում է հենց այդտեղից:

Անդրադառնալով կրթական համակարգին` վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվել է պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։

«Ունենք մի իրավիճակ, երբ ուսանողը բուհն ավարտում է և գնում որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք և այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում ուղղակի չպետք է լինի: Այդ ինստիտուտները պետք է համատեղենք և գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենք», - ասել է Փաշինյանը։

Երթն ունի քայլելու բնույթ. Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ինքն օրենք չի խախտում

Նա նաև կարևորել է մարդկային, ինտելեկտուալ կապիտալի զարգացման անհրաժեշտությունը` շեշտելով, որ դա Հայաստանի ամենամեծ արժեքն է։ Փաշինյանն անդրադարձել է ներգաղթի խնդրին։

«Ներգաղթ ասելով` նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունը լուծել է քաղաքական վարքի փոփոխության հարցը, բայց տնտեսական վարքի փոփոխությունը դեռ արդիական է։ Հարկ վճարողը պետք է գիտակցի, որ դրանով մասնակցում է երկրի տնտեսական, քաղաքական և այլ փոփոխություններին:

Փաշինյանը նշել է, որ քաղաքական պրոցեսներն արդեն հանգեցրել են նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է: