«Հայերին ու ոչ հայերին չենք առանձնացնում». Լարսն` իր հավերժական խնդրով

Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ու Դոնի Ռոստովում մեր հյուպատոսական բաժինը ակտիվորեն հետևում են «Վերին Լարսի» անցակետի իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Վերին Լարս» անցակետի խնդիրների լուծման համար հայկական կողմը մշտապես կապի մեջ է վրացի ու ռուս գործընկերների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Գոյատևող, իմունիտետով հայ ներկրողները. ո՞ւմ քաղաքական կամքն է պակասում

Նոյեմբերի 22–ի դրությամբ «Վերևին Լարս» անցակետը բաց է տրանսպորտի բոլոր տեսակների համար, սակայն ձյան ու մերկասառույցի պատճառով ճանապարհը կարող է նորից փակվել ինչպես բեռնատար, այնպես էլ ուղևորատար մեքենաների համար։

Երևանի, Թբիլիսիի ու Մոսկվայի միջև այդ հարցում միջնորդ է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կամ Դոնի Ռոստովի հյուպատոսական բաժինը։

«Խցանման մեջ են հայտնվում ոչ միայն հայերը, այլև այլ ազգերի ներկայացուցիչները։ Մենք չենք առանձնացնում հայերին ու ոչ հայերին։ Աշխատանքները միասին են իրականացվում, բոլորին համապատասխան օգնություն է ցուցաբերվում», – ասաց Փամբուխչյանը։

Փոխնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ամռանը անցակետում խցանումների ժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպանատունն էր քաղաքացիներին խմելու ջուր մատակարարում։ Այսօր արդեն անցակետում վրաններ են տեղադրել, որտեղ մարդիկ կարող են հաց ուտել, թեյ խմել։ Այս անգամ նախաձեռնողը հյուսիս–օսեթյան կողմն է։ Անցակետում նաև դեղորայք ու շուկայական գներով դիզելային վառելիք են տրամադրում։