ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը կվերսկսի Հայաստանում «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի ֆինանսավորումը։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը։
Եվրասիական զարգացման բանկի 150 միլիոն դոլար վարկով պետք է կառուցվի մայրուղու ամենահարավային հատվածը` իրանական սահմանից մինչև Քաջարան քաղաք։ Այստեղ սարերի միջով կկառուցվեն մի քանի թունելներ, որոնք կկրճատեն մեքենաների համար ճանապարհը։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել վարկային ծրագիրը` կապված արտաքին պարտքի շեմին հասնելու հետ։ Այնուհետև որոշել են վերսկսել ծրագիրը։
«Տվյալ պահին նախագիծը զարգանում է։ Կառավարության հետ մշտապես երկխոսություն են վարում։ Այժմ մրցույթ է պատրաստվում խորհրդատուներ ընտրելու համար, որոնք կպատրաստեն այդ հատվածի մանրամասն դիզայնը», – նշեց Շիրոկովը «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» XIII միջազգային համաժողովի ընթացքում։
Ծրագրվում է, որ մինչև տարեվերջ հայտնի կլինի մրցույթի արդյունքը, որից հետո պայմանագիր կկնքվի, և հաղթող ընկերությունը ձեռնամուխ կլինի նախագծմանը։
Ինչ վերաբերում է մայրուղին կառուցելու ընթացքում չարաշահումներին, որոնց մասին հայտարարել է Հայաստանի կառավարությունը, ապա դա չի վերաբերում Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկին։
«Բանն այն է, որ մեր հատվածում ոչ մի շինարարական աշխատանք չի եղել, այդպիսով չարաշահումներ չէին կարող լինել։ Կա ընդհանուր նախագիծ, որին տարբեր դոնորներ գումար են հատկացնում», – ասաց Շիրոկովը։
Նրա խոսքով` Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հատվածում շինարարական աշխատանքները կսկսվեն առնվազն կես տարի անց։
Իր հերթին, ԿԶԵՀ ֆինանսական վարկերի հարցերով նախագծային խմբի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Կոստանյանը նշեց, որ Հայաստանում պետական պարտքի մակարդակը մոտեցել է իր շեմին։ Ուստի սկսել է ավելի զգույշ վերցնել վարկեր։
«Դա իշխանությունների օբյեկտիվ արձագանքն է պարտքի ավելացմանը։ Այսինքն՝ շինարարությունը չի սառեցվում, ուղղակի շտկվում է մակրոտնտեսական քաղաքականությունը», – նշեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է մյուս նախագծերին, ապա, Անդրեյ Շիրոկովի խոսքով, հիմա կառավարությունը գումար է խնդրել «Ոռոգման համակարգերի արդիականացում» նախագծի համար, որի համար պահանջվում է 40 միլիոն դոլար։ Հիմա մրցույթ է անցկացվում կապալառու ընտրելու համար։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:
Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։