Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհվեց. մնաց նախագահի ստորագրությունը

Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Փաշինյանը ստորագրել ու հիշեցրել է` որոշումը հետադարձ ուժ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Սասնա ծռերն ու Հիմնադիր խորհրդարանը կստեղծեն կուսակցություն և կմասնակցեն ընտրություններին

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո»,– գրում է Փաշինյանը` հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրությամբ հետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա, հետեւաբար քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից:

Հիշեցնենք` Ժիրայր Սեֆիլյանը մի քանի անգամ դիմել էր ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` քաղաքացիություն ստանալու հարցով, բայց մերժում էր ստացել։

Նոյեմբերին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սեֆիլյանի` հոկտեմբերին ներկայացրած դիմումին` հավելելով, որ դրանով նրան քաղաքացիություն շնորհելու հարցը լուծված է, մնում է նախագահի ստորագրությունը։