Հայաստանի իշխանությունների «հարձակումը» փոքրիկ ՀԷԿ–երի վրա. փորձագետներն ահազանգում են

Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման պայմաններում կարևոր է ոչ թե խտրական վերաբերմունք ցուցաբերել էներգետիկայի այս կամ այն հատվածի վերաբերյալ, այլ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հիդրոէներգետիկայի ոլորտի նկատմամբ դիտորդների մոտ գնալով ավելի մեծ մտահոգություն է առաջանում։ Իրավապահ մարմինների «հարձակումը» փոքր ՀԷԿ–երի վրա կարող է խտրականություն դիտարկվել և փոքր էներգետիկայի մասնաբաժնի նվազման հանգեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել, էներգաանվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

ՀԷԿ-երի հետևում թաքնված պաշտոնյաները կբացահայտվեն. Արթուր Դավթյանը` խախտումների մասին

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հայաստանում գործող 150 փոքր ՀԷԿ–երում խախտումներ են բացահայտվել։ Դրանցից շատերում բացակայում են ջրաչափերը։ Փոքր ՀԷԿ–երում հավանական խախտումների մասին բազմիցս խոսել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դավթյանի խոսքով` հիդրոէներգետիկան ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրականության շուրջ 20% –ը, ընդ որում այդ սեգմենտում գեներացման զգալի մասը ապահովվում է փոքր ՀԷԿ–երում` 184  ՀԷԿ–եր շուրջ 365 մՎտ են ապահովում։

«Այդ տվյալները վկայում են այն մասին, որ հիդրոէներգետիկան առանցքային դեր է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում` ԱԷԿ–ների հետ միասին ամենաէժան էլեկտրաէներգիան արտադրելով։ Ճիշտ չէ երկրում ջրային ռեսուրսների կորստի հետ կապված բոլոր խնդիրները բարդել հիդրոէներգետիկայի վրա, ինչպես այսօր դա անում է կառավարությունը», – ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` անկասկած, փոքր ՀԷԿ–երի շարքում քիչ են այնպիսիք, որոնք իսկապես ջրաչափեր չունեն։ Սակայն համալիր մոտեցման համար կարևոր է գնահատել կորուստները նաև ջրամատակարարման համակարգում, այլ ոչ թե կորուստների 95%–ը վերագրել փոքր ՀԷԿ–երին։ Բացի այդ, ինչպես հայտնի է, ջրաչափերի տեղադրումը էժան հաճույք չէ, և մի շարք փոքր ՀԷԿ–երի գրպանով չէ։ Ավելին        օրենսդրության մեջ հստակ չի ֆիքսվում այն կետը, թե ով պետք է տեղադրի այդ սարքերը` պետությո՞ւնը, թե՞ տնտեսվարողը։

Ո՞ւր են անհետացել միլիոնների արժողությամբ ջրաչափերը. ինչու են պատասխան պահանջում ՀԷԿ-երից

Փորձագետը անհրաժեշտ է համարում վերադառնալ փոքր ՀԷԿ–երի զարգացման 2008 թվականին հաստատված սխեմային, որով չէր նախատեսվում ՀԷԿ–երի տեղադրումը հատուկ պահպանվող տարածքներում, օրինակ, Սևանի ավազանի գետերի վրա։ Այն ժամանակ սխեման կիրառական նշանակություն չստացավ։

«Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման պայմաններում կարևոր է ոչ թե խտրական վերաբերմունք ցուցաբերել էներգետիկայի այս կամ այն հատվածի վերաբերյալ, այլ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել։ Դրա համար նախևառաջ հարկավոր է գոնե ոլորտի զարգացման միջնաժամկետ ռազմավարություն ձևավորել հանրապետության էներգաբալանսի որոշմամբ և այդ բալանսում հիդրոէներգետիկայի մասնաբաժնի չափի», – ավելացրեց նա։

Փորձագետը համոզված է, որ հաշվի առնելով փոքր ՀԷԿ–երում գեներացվող էլեկտրաէներգիայի ցածր ինքնարժեքը, փոքր էներգետիկայի մասնաբաժինը պետք է աճի և ատոմայինի հետ մեկտեղ հանդես գա որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխիք։

Նշենք, որ փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը շուրջ 30 դրամ է: 2017 փետրվարի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում սահմանված է` ցերեկային ժամերին` 44.98 դրամ (1 կՎտ/ժ), գիշերային ժամերին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ համապատասխանաբար 40 և 30 դրամ: