Ինչպես ապրի գյուղացին, իսկ ծառերը չկտրվեն. Գերմանիան կօգնի Հայաստանին պահպանել անտառները

Ծրագրի իրականացումը, որի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը 23 միլիոն 208 հազար 483 եվրո դրամաշնորհ կստանա Վերականգնման վարկերի բանկից։ Համաձայնագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք

Այդ գումարով սոցիալ–տնտեսական ծրագրեր կիրականացվեն Հայաստանի անտառամերձ գյուղերում (հիմնականում` Լոռիում, Տավուշում ու Սյունիքում)։

«Գյուղացիներին հնարավորություն կտանք գումար վաստակել ոչ թե անտառ հատելով, այլ ուրիշ կերպ։ Նույնիսկ եթե անտառի շուրջը երեք մետրանոց պատ կառուցենք ու պահակներ դնենք, միևնույնն է` հարցը չի լուծվում` մարդիկ ինչո՞վ ապրեն։ Այդ պատճառով ծրագրի շրջանակում ուզում ենք չիր պատրաստելու սարքեր, գյուղատնտեսական տեխնիկա գնել, աջակցել էկոլոգիական զբոսաշրջության զարգացման ծրագրերին», – ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` քննարկվում է նաև գյուղական դպրոցներում արևային մարտկոցների ու ջրատաքացուցիչների տեղադրման հարցը, ինչը կարող է թույլ տալ ձմռանը չօգտվել գազից ու հատկապես փայտից։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ առաջին հերթին մարդկանց հետ պետք է ազնիվ ու անկեղծ երկխոսություն վարել։

«Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք, նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,-ասաց նա` կարևորելով դրամաշնորհային ծրագրերը:

Փաշինյանը նշեց, որ պետք է մարդկանց ցույց տալ, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Նա հայտնեց, որ 55 հազար խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառները վնասելու:

Հիմա Հայաստանի տարածքի մոտ մեկ քառորդն է անտառներով պատված։ Չոր կլիմայի պատճառով անտառները դանդաղ են վերականգնվում։