«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսում. ինչի՞ն են ծառայելու նոր միջոցները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասել, թե ինչ է արվելու այս տարի հավաքված գումարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Նոյեմբեր — Sputnik. Անցյալում առկա բացասական երևույթները ստվեր նետեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վրա և խաթարեցին դրա նկատմամբ վստահությունը։ Այսօր, հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի նախօրեին, գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` հիմնադրամի տնօրենի և դրա կառավարման գործընթացում փոփոխությունները միտված են հիմնադրամի գործունեությունն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելուն։

Հեռախոսամարաթոն 2018. հայերը կարողացան ավելի քան 1 միլիոն եվրո հավաքել

«Այս տարվա հավաքված գումարները ծառայելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների` արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնադրմանը»,– ասաց Փաշինյանը` խոստանալով, որ հիմնադրամի բոլոր նվիրատվությունները ծառայելու են իրենց բուն նպատակին։

«Հայաստանի կառավարությունը չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը։ Համահայկական հիմնադրամի գումարները հայության ջանքերով ու քրտինքով հավաքված գումարներ են և այդ գումարները պետք է լինեն վստահելի ձեռքերում»,– ասել է Փաշինյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը նախանշված է վաղը` նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսում։

Հիշեցնենք` հուլիսի 3–ին ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում` դրանով առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելով։

Հայաստանում բանկային ավանդների դոլարացումը կրճատվում է․ ԿԲ նախագահ

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու համար, որով էական վնաս է պատճառելով հիմնադրամի բարի համբավին ու հեղինակությանը:

Արա Վարդանյանն ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է, կրթությունը շարունակել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության Միջազգային հետազոտությունների ինստիտուտում և Հարվարդի իրավաբանական դպրոցում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1996 թվականից սկսած Լոս Անջելեսում ամեն տարի հեռուստամարաթոն է անցկացվում, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով։ Հեռուստամարաթոնների շնորհիվ հավաքած գումարներն ուղղվում են ռազմավարական նշանակություն ունեցող և հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովով հաստատված լայնածավալ ծրագրերի իրականացմանը։