Իրանը մեզ համար շատ կարևոր է, մենք դա բացատրել ենք ԱՄՆ–ի պետդեպարտամենտին. Բաղրամյան

Իրանն օգնում է Հայաստանին ձմռանը տնտեսել էլեկտրաէներգիան, իսկ ջերմային կայանները շահավետ աշխատում են իրանական գազով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար, և ամերիկացի գործընկերներին այդ մասին տրվում են մանրամասն պարզաբանումներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Մի քանի օրից հայկական ատոմակայանը կաշխատի նոր ուժով. նախարարի պաշտոնակատար

Մի քանի օր առաջ էներգետիկայի նախարարության ղեկավարությունը հերթական նման հանդիպումն է անցկացրել ԱՄՆ–ի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են, և մեր էներգետիկ համակարգը զարգացել է Թեհրանի ուղղությամբ։ Իրանը շատ կարևոր է Հայկական ԱԷԿ–ի անխափան աշխատանքն ապահովելու և ընդհանուր առմամբ մեր էներգահամակարգի հավասարակշռության համար։ Ամերիկյան գործընկերներն ըմբռնում են սա», – հայտարարեց Բաղրամյանը։

Նշենք, որ Հայաստանը փոխանակվում է Իրանի հետ ոչ միայն «էլեկտրականություն գազի փոխարեն» սխեմայով, այլ նաև «էլեկտրականություն էլեկտրականության փոխարեն»։ Գարնանը, երբ Հայաստանում ՀԷԿ–երն ամբողջ հզորությամբ աշխատում են, հանրապետությունում էլեկտրաէներգիայի ավելցուկ է լինում։ Որպեսզի այն չկորչի, ուղարկում են Իրան, իսկ ձմռանը նույնքան հետ են ստանում։ Այդ ձմեռային ներկրումը թույլ է տալիս Հայաստանին ավելի քիչ օգտագործել ջերմային կայանները, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է։

Պարզ ասած` Հայաստանն Իրան է ուղարկում էժան էլեկտրականություն, հետ ստանում` թանկը։

Հայաստանն օգուտ է ստանում նաև իրանական գազն էլեկտրականության հետ փոխանակելուց։ Այդ գազը գնում է Երևան ՋԷԿ և Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկ (որը կառուցել է «Գազպրոմը»)։ Այդ կայանները յուրաքանչյուր խորանարդ մետրից մշակում են ավելի քան 4 կիլովատ ժամ էլեկտրականություն։ Դրանցից երեքն ուղարկվում է Իրան, իսկ ավելցուկը մնում է Հայաստանում։