ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի— Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի բաշխման արդյունքում Հայաստանի բյուջե տարեկան շուրջ 68 մլրդ դրամ է մուտք արվում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Ղրղըզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ–ին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Այդ գումարը, սակայն, 1 տարի հետո կարող է փոխվել։ Բանն այն է, որ համաձայնագրով նախատեսվում է փոփոխություններ կատարել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի հաշվին ձևավորվող բյուջեի մասնաբաժինների մեջ։
«Մաքսատուրքերի բաշխման ներկա դրույքաչափերը հետևյալն են. Հայաստանի հանրապետություն` 1.22 %, Բելառուսի հանրապետություն` 4.56 %, Ղրղըզստանի հանրապետություն` 1.9 %, Ղազախստանի հանրապետություն` 7.55% և Ռուսաստանի դաշնություն` 85.265%»,–ասաց փոխնախարարը` հավելելով, որ Ղրղըզստանի` ԵԱՏՄ պայմանագրի վավերացումից հետո Հայաստանին հասանելիք մասնաբաժինը կնվազի 0.11%–ով` կազմելով 1.11%։
«ԱՄՆ դոլարով արտահայտված 1 տոկոսային կետը համարժեք է տարեկան 116 մլն դոլարի։ Անցյալ տարվա կտրվածքով մենք ունեցել ենք շուրջ 68 մլրդ դրամի մուտքեր։ Իսկ ԵԱՏՄ անդամակցությունից սկսած միասնական բյուջեից ՀՀ բյուջե հաշվեգրվող մասը մշտապես գերազանցել է մեր կողմից հավաքագրված և անդամ պետություններին բաշխված մաքսատուրքերի մեծությունը։ Այսինքն` այս առումով մենք ունենք զուտ դրական արդյունք` մեր բյուջեի համար»,– ասաց Պողոսյանը։
Համաձայնագրով գործող դրույքաչափերն առաջարկվում է երկարաձգել մինչև 2019թ.–ի դեկտեմբերի 31-ը` գործող պայմանագրով նախատեսված 2018թ.–ի օգոստոսի փոխարեն։
2019թ.–ի դեկտեմբերի 31-ից հետո, ֆինանսների փոխնախարարի խոսքով, շրջանառվելու է համաձայնագրի փոփոխության երկու տարբերակ` դրանք ֆիքսել գործող դրույքաչափերով` անժամկետ, կամ վերանայել 3 տարին մեկ։
Արման Պողոսյանի խոսքով` Հայաստանի համար ձեռնտու է առաջին տարբերակը, որի դեպքում Հայաստանը կայուն եկամտի աղբյուր կունենա։