«Գողական հաշվեհարդարի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ինչո՞ւ դա եղավ

Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ, մինչ օրս քննարկում են 113 մարդու կյանք խլած աղետի տարբեր վարկածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի –Sputnik. Երևան–Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի կործանման պահից ավելի քան 12 տարի է անցել, բայց մինչև այսօր էլ դեռ անպատասխան հարցեր կան։ Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ մինչ օրս քննարկում են 113 մարդու` 105 ուղևորի և օդանավի անձնակազմի 8 անդամի կյանք խլած աղետի տարբեր վարկածները։

Գերմանիայում վայէջքի ժամանակ ինքնաթիռը մարդկանց բազմության մեջ է մտել

2006 թվականի մայիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավիաաղետի մանրամասները մենք քննարկել ենք հայկական և ռուսական ավիացիայի վետերան, այսօր արդեն գոյություն չունեցող «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանի հետ։

Մեր զրուցակիցը դեռ 2006 թվականին էր գիրք հրատարակել «Հայաստանի ավիացեղասպանությունը» վերնագրով, որտեղ ամփոփել էր հայկական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետի վերաբերյալ սեփական փաստարկներն ու ենթադրությունները։

Պաշտոնական վարկածը մարդկային գործոնն է, օդաչուների սխալը, սակայն հաշվի առնելով նրանց հսկայական փորձը (մի քանի հազար թռիչքային ժամ էին իրականացրել)` այդ վարկածն այդքան էլ հավանական չի թվում։  Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Պողոսյանը, ճակատագրական սխալներ են եղել չվերթին նախապատրաստվելու փուլում։

Սոչիում եղանակային պայմանները անհամատեղելի էին չվերթի հետ, օդերևութաբանական մինիմումը նորմերին չէր համապատասխանում, սակայն անձնակազմը, փաստորեն, չէր արձագանքել ավիադիսպետչերների նախազգուշացումներին։

«Թբիլիսիի անցագիծն անցնելով` օդանավի անձնակազմը կապ է հաստատել Թբիլիսիի հետ, և դիսպետչերը, տեղեկանալով, որ օդանավը Սոչի է մեկնում, ասել է, որ այնտեղ եղանակային պայմանները վատն են, պետք է կա՛մ պահուստային օդանավակայան գնալ, կա՛մ Երևան վերադառնալ։ Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշել է հետադարձ կատարել և տուն վերադառնալ։ Սակայն որոշ ժամանակ անց օդանավի անձնակազմը մտադրությունը փոխել է և որոշել, որ անպայման պետք է վայրէջք կատարի Սոչիում», – հիշում է Պողոսյանը։

Ավիավթար ԱՄՆ–ում. օդաչուն մխրճվել է սեփական տան մեջ. տեսանյութ

Ինքնաթիռում 40 կգ բեռ է եղել, որն անպայման պետք է Սոչի հասներ։ Ադլերի օդանավակայանին մոտենալով` ինքնաթիռի անձնակազմը կապ է հաստատել դիսպետչերի հետ, որը նրան նախազգուշացրել է, որ եղանակային պայմաններն անբարենպաստ են վայրէջքի համար։ Ինքնաթիռի անձնակազմը, այնուամենայնիվ, վայրէջք է խնդրել։  Վայրէջք կատարել թույլ չեն տվել, բայց օդաչուները սկսել են նստեցնել ինքնաթիռը։ Հասկանալով, որ դա անհնար է, օդանավը որոշել է երկրորդ շրջանը կատարել, և այդ պահին ինքնաթիռի սրահում կրակոցներ են հնչել։

Ասում են, թե ինքնաթիռում վիճել են հայտնի քրեական հեղինակություն Բենիկ Խաչատրյանի (Բենո Ռոստովսկի) խումբը և այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կարլոս Պետրոսյանի որդու խումբը։

Բախումը տեղի է ունեցել դեռ թռիչքից առաջ, Երևանի ռեստորաններից մեկում, նույնիսկ կրակոցներ են եղել։ Այնուհետև կոնֆլիկտը շարունակվել է օդանավակայանում և անմիջապես ինքնաթիռի մեջ, թռիչքի ժամանակ։  Վեճը հանդարտեցնելու համար նրանց հետ մեկնել է VIP ծառայության պետ Ալբերտ Ազարյանը, որն էլ հենց ուղեկցել է 40 կգ-անոց բեռը։ Պողոսյանը պնդում է, որ աղետի պատճառ է դարձել «գողական այդ կոնֆլիկտը»` օդանավի ավտոպիլոտի գործառույթների շարքից դուրս գալու հետ մեկտեղ։

Ղազախստանում ինքնաթիռ է ընկել, կան զոհեր

Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ այն ժամանակ Սոչիի չվերթերը սովորաբար առավոտյան էին լինում, բայց այդ մեկը հատուկ գիշերվա 2-ին է իրականացվել։

Աղետից հետո Հայաստանում եղան մարդիկ, որոնք փորձեցին մեղքը բարդել ռուս ավիադիսպետչերների վրա։  Թեև հետագայում հետաքննության ընթացքում պարզվեց, որ նրանք անթերի են գործել և հնարավոր ամեն բան արել են աղետը կանխելու համար։

Պողոսյանի խոսքով`  հետադարձի ժամանակ դիսպետչերը օդանավի անձնակազմին ասել է, որ պահուստային օդանավակայան գնա։ Թիմը հրահանգը չկատարելու իրավունք չուներ։ Սակայն օդաչուների «ձեռքերը գրեթե կապված են» եղել, քանի որ ինքնաթիռում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչները պահանջել են վայրէջք կատարել հենց Սոչիում։

«Դիսպետչերի հրահանգը բացարձակ ճիշտ էր։ Սակայն օդանավի անձնակազմն անտեսեց բազմաթիվ կոչերն ու երկրից հնչող պահանջները։ Անձնակազմը գործել է իր պատասխանատվությամբ։ Սակայն ռիսկն այս դեպքում չարդարացրեց իրեն», – ասում է Պողոսյանը։

Երկրորդ օդաչուն բացարձակ անգրագետ էր գործել, իսկ հրամանատարը գործունակ չէր, քանի որ կրակոցների ժամանակ վիրավորվել էր։ 

Պետք էր արագություն հավաքել և փակել շասսիները, ինքնաթիռն այդ դեպքում վերև կբարձրանար։ Իսկ օդաչուն փոխարենը փակել էր շասսիներն առանց շարժիչները թռիչքային ռեժիմի դուրս բերելու. դրա հետևանքով էր օդանավը ներքև սլացել։

Ողբերգությունից 12 տարի անց ավիացիայի վետերանը նույն զգացումն ունի, ինչ այն ժամանակ։ Չվերթի կազմակերպիչները մարդկանց հիրավի մահվան էին ուղարկել։