ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Պետությունը պետք է գտնի մարդկանց` առանց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` պետական կառավարման համակարգում աշխատանքային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը։
Sputnik
Ավետիսյան. «Պետությունը պետք է գտնի մարդկանց` առանց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի»

Ավետիսյանի կարծիքով` դրական է, երբ պետական ծառայության կամ հանրային ծառայության համակարգը համալրելու համար հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի մարդիկ դիմեն և ներկայացնեն իրենց գաղափարներն ու մոտեցումները։

Նիկոլ Փաշինյանը որոշել է լրացնել բացը. մնում է` մարդիկ կարողանան համոզել

«Բայց այդ նույն պետական համակարգում աշխատելու և կարիերա ստեղծելու համար նաև կարևոր է փորձառությունը։ Մարդիկ, պետական կառավարման համակարգում աշխատելով և հիերարխիկ ճանապարհը քայլ առ քայլ անցնելով, ձեռք են բերում փորձառություն և կարող են ծառայեցնել իրենց գիտելիքները։ Մարդիկ ոչ միայն պետք է ներկայացնեն իրենց ցանկությունները, այլև պետությունն էլ պետք է ակտիվորեն փնտրի և գտնի մարդկանց` առանց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի»,– ասա նա։

Ըստ Ավետիսյանի` պետությունն աշխատող մարդկանց պիտի հնարավորություն տա, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատանքն ու ապագան կապել պետական կառավարման համակարգի հետ։

«Այնպիսի համակարգ պիտի լինի, որ մարդիկ ձգտեն, խրախուսվեն։ Արդյունավետ կադրեր կան նաև պետական կառավարման համակարգում։ Նշանակումներ կատարելու և պաշտոնի բարձրացման ընթացքում պիտի հստակ մեխանիզմներ գործեն, ճիշտ պիտի գնահատվի մարդու աշխատանքը ներսում»,– ասաց Ավետիսյանը։

Նա վստահեցրեց, որ միայն դրսից կադրեր հրավիրելով հնարավոր չէ պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալ։