Հայաստանը չի վերանայի Իրանի հետ հարաբերությունները. Փաշինյանը պատասխանեց ԱՄՆ–ին

Փաշինյանը հույս ունի, որ ամերիկյան գործընկերներն ըմբռնումով կմոտենան Հայաստանի դիրքորոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը չի պատրաստվում վերանայել Իրանի հետ հարաբերությունները։ Այսօր` նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցների մասին հարցին։

Հայաստանն իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա. Կլինցևիչ

«Կառավարական մակարդակում մենք ասել ենք մեր դիրքորոշումը, ներկայացրել ենք մեր շահերը հայ–իրանական հարաբերություններում, և ես հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմռնումով են մոտենում մեր իրավիճակին, որովհետև մեզ համար շատ կարևոր է նաև ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը։ Եվ ուրախ եմ, որ ԱՄՆ–ի նախագահի, վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»,– ասաց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 15-16-ը Երևանում էր ԱՄՆ Պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը ՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` նման այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: