Որքան թալանված գումար է վերադարձվել բյուջե, և ովքեր են կամավոր վերադարձնողները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր թվեր հրապարակեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2018 թվականի մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պետական բյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան թալանված միջոց է վերադարձվել պետությանը:

Գողացված միլիոնները վերադառնում են բյուջե. Սանասարյան

Նրա խոսքով՝ քննչական մարմիններում այս պահի դրությամբ հարուցված քրեական գործերով 64 մլրդ դրամի չարաշահումների, յուրացումների փաստեր են քննվում: «Արդյո՞ք սա ամբողջն է։ Ոչ։ Ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև քննչական մարմիններն ունեն հնարավորությունների որոշակի սահմանափակում: Նրանք աշխատում են հնարավորության ամբողջ ծավալով: Երբ ավարտվեն այդ քննությունները, ապա կսկսվեն նորերը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշեց նաև, որ կառավարությունը պետությանը գույք կամ գումար վերադարձնելու մասին առաջարկներ է ստանում, որոնք մանրամասն քննարկվում են։

«Առաջարկողները մարդիկ են, ովքեր գիտեն, որ քննությունը հասնելու է իրենց: Ասում են` մենք կամավոր բերենք, հանձնենք ինչ–որ մի չափ, և դա ինչ–որ տեղ մեղմացուցիչ հանգամանք դիտվի»,– ասաց Փաշինյանը։

Բայց մինչ այդ առաջարկներն ընդունելը կառավարությունը պիտի վստահ լինի, որ գումարի չափն օբյեկտիվ է և ոչ թե իրականում գողացվածի մի մասը։ Իսկ թե ովքեր են առաջարկողները, Փաշինյանը չցանկացավ անուններ տալ, խուսափեց նաև օլիգարխ արտահայտությունից։