Փաշինյանը խոսեց իր հաջողությունների և ձախողումների մասին

Տնտեսության առողջացմանն ուղղված որոշ քայլերը ներդրումային բացասական ֆոն են ստեղծում, բայց Փաշինյանը համոզված է, որ ներդրումային միջավայրը շուտով կբարելավվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց իր գործունեության հիմնական ձեռքբերումների և ձախողումների մասին։

Փաշինյանը ջնջում է բուքմեյքերական «ստավկաներով» նկարված թվերը

Նա ասաց, որ տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախացումից ի վեր համարվել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը:

Երկրորդ հաջողությունը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը, որը կրկին տասնյակ տարիներով տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է եղել: Հաջորդը ձեռքբերումն անվանեց ստվերի դեմ պայքարը. 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և դրանք հրապարակային դաշտում գործող աշխատատեղեր են:

Փաշինյանը խոշորագույն ձախողում համարեց լեռնահանքային արդյունաբերության և, մասնավորապես, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ոսկու հանքի շահագործման աշխատանքները դադարեցվել են Հայաստանում իշխանափոխությունից հետո, հարուցվել է նաև քրեական գործ չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Փաշինյանը խոստովանեց, որ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը ստեղծում են ներդրումային բացասական ֆոն, բայց համոզված է, որ ներդրումային միջավայրը շուտով կբարելավվի։

Նիկոլ Փաշինյանը գտել է բաղձալի փողկապը

«Մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում, և, բնականաբար, մեր այդ գործողությունները որոշակի անհանգստություններ են առաջացնում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտաքին գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային այդ զգացողությունը չլինի։ Հույս ունենք նաև, որ մինչև գարուն մեզ կհաջողվի որոշում ընդունել Ամուլսարի վերաբերյալ` հիմնված իրական փաստերի վրա», – ավելացրեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ կան «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, Հյուսիս-հարավ և այլ նախագծերի հետ կապված: Այս բոլոր հարցերում ներգրավված են հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություններ, նրանց կարծիքը կարևոր է ներդրումային գրավչության համար, բայց Հայաստանի շահերը նույնպես կարևոր են։