Մոսկվայում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել բանտում

Երկու տարի առաջ Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանն ուզում է «կարմիր» գոտի տեղափոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի կենտրոնում 2016թ.-ին բանկի մասնաճյուղ գրաված ու պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել Պենզայի մարզի գաղութում: Նա պահանջել է իրեն որպես Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից տեղափոխել գաղութի «կարմիր» գոտի։ Այս մասին հայտնում է 360tv.ru-ն՝ նշելով, որ կալանավորներն իմացել են նրա «ոստիկանական անցյալի» մասին և սկսել են ծաղրել նրան: Կայքին այս մասին պատմել է Պետրոսյանի փաստաբան Ստանիսլավ Մալցևը:

«Վերջին անգամ նա կապի է դուրս եկել անցած երկուշաբթի: Ասաց, որ հացադուլ է հայտարարելու: Դրա համար մի քանի պատճառ կա»,- նշել է փաստաբանը:

Պետրոսյանն ասել է, որ ինքը` որպես ՀՀ Ներքին գործերի նախարարության նախկին սպա, պետք է պատիժը կրի «կարմիր» գոտում, ոչ թե «սև»: Պաշտպանի խոսքով` այն մարդիկ, որոնց հետ նստած է գործարարը, որոշակի ազդեցություն են գործում վերջինի վրա։

Ի դեպ, Պետրոսյանի թիմը հայց է ներկայացրել ռուսական РЕН ТВ հեռուստաընկերության դեմ, որի հաղորդումներից մեկի ժամանակ խեղաթյուրել են Պետրոսյանի դատավճռի էությունը: Պաշտպանները պահանջել են հերքել այդ տեղեկությունը։

«Սիթիբանկում» մարդկանց պատանդառած Արամ Պետրոսյանը դատարանի ներողամտությանը չարժանացավ

«Բացի «նստածներից», նրա վրա սկսել են ճնշում գործադրել նաև գաղութի աշխատակիցները, որպեսզի Պետրոսյանը հրաժարվի այս աղմուկից»,– ասել է փաստաբանը։

Մալցևն ավելացրել է, որ այս պահին Պետրոսյանը ոչ թե սովորական բանտախցում է, այլ անվտանգ պահման խցում։

Արամ Պետրոսյանը 2016 թվականի օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն, սակայն հետագայում բաց էր թողել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, պարզվել էր, որ աղով լի տոպրակ է եղել:

Հարցաքննության ընթացքում Պետրոսյանն ասել էր, որ իր քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին:

Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: