ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեի` մասնավոր տրանսֆերտները հարկելու նախաձեռնությունը հանգեցնելու է ծանոթի միջոցով, առձեռն փոխանցումների ավելացման ու բանկային, ֆինանսական համակարգերի միջոցով գործարքների նվազեցման: Այսօր` նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս կարծիքը հայտնեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Հարկային դաշտում անընդհատ նոր հարկեր հորինելն անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալական, տնտեսական վիճակը փոխելու, հնարավոր ներդրումներ ապահովելու մասին, ոչ թե փորձել ամեն տեղ նոր հարկեր ավելացնել»,- ասաց նա:
Պետեկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով 2020թ-ից եկամտային հարկ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Քաղաքացիների բոլոր եկամուտները հաշվառվելու ու հարկվելու են ID քարտային համակարգի միջոցով: Այս նախաձեռնությունը վերաբերելու է նաև արտերկրից ստացվող գումարներին` մասնավոր տրանսֆերտները, որոնք ևս նախատեսվում է հարկել եկամտային հարկով` 2020թ-ի հունվարի 1-ից:
ՊԵԿ նախաձեռնությանը դեմ արտահայտվեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նախկին իշխանությունը, ինքն այն ժամանակ էլ է դեմ արտահայտվել:
«Դուք գիտեք, թե ինչ կարևոր նշանակություն ունեն տրանսֆերտները մեր երկրի համար: Չեմ ուզում պատմական էքսկուրս կատարել 90-ական թվականներ, երբ դրսից ուղարկված գումարներով կարողացել ենք պահպանել մեր կայունությունը, զարգացումը: Մենք պետք է դրան շատ ուշադիր վերաբերվենք»,- ասաց Բաղդասարյանը` կարևորելով ապօրինի ճանապարհներից խուսափելը, որպեսզի մարդիկ կարողանան ու ցանկություն ունենան օրինական ճանապարհով օգնել իրենց` Հայաստանում գտնվող հարազատներին:
Բաղդասարյանը ևս մտավախություն ունի, որ ՊԵԿ նախաձեռնությունը կարող է նվազեցնել Հայաստան եկող մասնավոր գումարները:
«Բնականաբար, դա կարող է դժգոհություն առաջացնել, քանի որ մարդը պիտի ասի` պետությունն ուզում է իմ հարազատի ուղարկած գումարին էլ «փայ» դառնալ»,- ասաց նա:
Պաշտոնական վիճակագրության համաձայն`2017-ին մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստան է ուղարկվել 1 մլրդ 756 միլիոն դոլար գումար: Եվ սա միայն բանկային ու ֆինանսական կազմակերպությունների միջոցով կատարված փոխանցումների ծավալն է: Եթե միայն այդ փոխանցումները հարկվեն եկամտահարկի 23 տոկոսով, տարեկան բյուջետային մուտքերը կավելանան շուրջ 400 մլն դրամով: