Ո՞վ է ուզում մոտ լինել Նիկոլ Փաշինյանի ականջին. քաղտեխնոլոգը նոր պայքար է կանխատեսում

Գործող իշխանության ներսում ընդդիմադիր հոսանքներ ի հայտ կգան, որովհետև այնտեղ հեղափոխական տարբեր խմբեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տարբեր խմբեր կան, որոնք պայքարում են իշխանության համար։ Այսօր` նոյեմբերի 19-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` լրագրողների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են ընդգրկվել քաղաքացիական և հասարակական այն բոլոր հոսանքների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են հեղափոխությանը։

Փաշինյանի գործընկերներն այժմ նրա մրցակիցներն են, ու դա նորմալ է. Զեյնալյան

Հիշեցնենք` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց նախընտրական ցուցակը հեղափոխական է։

«Կարծում եմ` գործընթացներն այնպես կընթանան, որ իշխանության ներսում կսկսեն ընդդիմադիր հոսանքներ հայտնվել։ Հենց սկզբից էլ այնտեղ շատ տարբեր քաղաքական հոսանքներ են եղել, հասարակական սեկտորի ու ֆոնդերի ներկայացուցիչներ, որոնք տարբեր նպատակներ ունեն», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` հիմա տարաձայնություններն այդքան ակնհայտ չեն դրսևորվում, թեև իշխանությունների ներկայացուցիչների դեմ արտահոսքեր արդեն լինում են ԶԼՄ–ներում։

«Չեմ կարծում, որ այդ փոքրիկ սկանդալների հեղինակն ընդդիմադիր ուժերն են։ Շատ դեպքերում դա արվում է ներսից, պայքար է ընթանում թե՛ իշխանության, թե՛ առաջին դեմքի ականջի մոտ լինելու համար», – ասաց Հակոբյանը։

Նման իրավիճակը նոր չէ, խոշոր ընկերությունների, աշխատակազմերի, վարչությունների կոլեկտիվի ներսում միշտ լինում են ինտրիգներ, և չփորձված կադրերը բավականին արագ սկսել են յուրացնել այդ ապարատային ինտրիգների դպրոցը։

Հնարավոր է` ՀՀԿ–ն ինքը «սևերի» և «սպիտակների» բաժանում նախաձեռնի. քաղտեխնոլոգ

Բացի այդ, «հեղափոխական» ցուցակից դուրս մնացած մարդիկ կհամալրեն նեղացածների ցուցակը, որովհետև նոր իշխանությունները հայտարարում են, թե հեղափոխության մասնակից են գրեթե բոլորը։ Իզուր չէ, որ հեղափոխությունից մեկ շաբաթ անց կրկին սկսել էին փակել փողոցները։

«Հիմա այդ մարդիկ պահանջելու են իշխանության իրենց կտորը։ Ներկա իշխանությունների համար ամենավտանգավորն այն է, որ գերսպասումները շատ արագ գերանկման են հանգեցնում», – նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 9–ին։ Ենթադրվում է, որ նոր պատգամավորական կազմը ձեռնամուխ կլինի իր լիազորություններին Ամանորից առաջ։