Պարզապես հիասքանչ է. ինչն է Աբրահամ Ռուսոն ամենից շատ սիրում Հայաստանում. բացառիկ

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն բացառիկ հարցազրույցում խոսում է Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Sputnik

ՀՌՀ ուսանողուհի Մարիամ Գևորգյան` հատուկ Sputnik Արմենիայի համար

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանի հոգևոր հատվածը` վանքերն ու եկեղեցիները։ Հայտնի երաժիշտ, «Տարվա երգ» փառատոնի մասնակից, «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակի քառակի դափնեկիր Աբրահամ Ռուսոն օրեր առաջ անձնական գործերով Երևան է ժամանել և բացառիկ հարցազրույցում խոստովանել, որ Հայաստանում հաճախակի է լինում։

Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին

«Անկեղծ ասած, վերջին երկու ամսվա ընթացքում այստեղ արդեն երրորդ անգամ եմ լինում։ Բայց մինչ այդ որոշակի` բացարձակ անհեթեթ հանգամանքներ խանգարում էին, այնպես որ ես այստեղ եկել եմ երկու տարի առաջ։ Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 2003 թվականին։ Շատ եմ սիրում այս երկիրը։ Սովորել ու դաստիարակություն եմ ստացել հայկական դպրոցում, չէ՞ որ հայկական համայնքում եմ մեծացել (Սիրիա, Հալեպը – խմբ.), այդ իսկ պատճառով «Հայրենիք, Հայրենիքի սեր» (ասաց Ռուսոն հայերենով) այդ հասկացությունները մեզ համար սրբություն են։ Հայրենիքն Աստծու կողմից է տրված», – ասաց երգիչը։

Երգիչը շարունակում է իր միտքը հայկական արժեքների մասին` նշելով. «Հայերի նոր սերունդը կատարյալ է, պարզապես հիասքանչ, սակայն ես ամբողջությամբ այս երկրում կփոխեի հեռուստատեսությունը։ Այն մեր մենթալիտետին, մեր հասկացություններին հակառակ է։ Մենք ռուս չենք, ֆրանսիացի չենք, անգլիացի չենք, մենք հայ ենք։ Ինչ արժեք ունի, եթե մարդ ամեն ինչ շահել է, բայց կորցրել է դեմքը։ Այս ժողովուրդը միշտ հավատքով է պահվել, այն պահից երբ քրիստոնեություն ընդունեցինք։ Եթե այսօր կորցնում ենք մեր հավատքը, ապա հանուն ինչի՞ էինք ապրում հազարամյակներ շարունակ»։

Պարզապես հիասքանչ է. ինչն է Աբրահամ Ռուսոն ամենից շատ սիրում Հայաստանում. բացառիկ

Երգչի խոսքով` ժամանակակից աշխարհում պետք է կարողանալ ապրել և հարմարվել, սակայն միևնույն ժամանակ պահպանել «էությունը» («էություն»–ը Ռուսոն արտասանեց հայերեն)։ «Եթե կորցնեմ էությունս, ապա ես մեռած եմ», – ավելացրեց երգիչը։