Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
«Ես գործով եմ եկել ձեզ մոտ, իսկ դուք պոզահարում եք»...
Ինչ խոսք, «նորարարություն» ասելիս պատկերացնում ենք ֆուտուրիստական դիզայնով քաղաքային գրասենյակներ։ Իսկ գյուղերում գյուղացիների համար նորարարությունը` նոր հեռախոսն է։ Մնացած ամեն ինչից մարդիկ զգուշանում են։ Կովերն` առավել ևս։
Սակայն ուսանող Սարգիս Կևեյանը կովերի նկատմամբ հատուկ մոտեցում ունի։ Ծնվել է նա Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքի մերձակա գյուղերից մեկում. Սևանա լճի ափին գտնվող լեռներում նա շատ ընկերներ և անասնապահ ծանոթներ ունի։
Իսկ ինչպե՞ս ժամանակին պարզել, թե կովերից որ մեկն է հիվանդացել։ Չէ՞ որ անասնաբույժները չեն կարող ամեն օր վազել նրանց հետևից սարեր–ձորերով։
Հենց այդ պատճառով էլ Սարգիսը միայն կովերի համար նախատեսված ֆիթնես–թրեքերին նման մի սարք է ստեղծել։ Այն կփոխանցի սրտի աշխատանքի, շարժողական ակտիվության, արյան մեջ թթվածնի մակարդակի մասին տվյալները։ Սարքը ոչ միայն «անասնաբույժ» է «աշխատում», այլև` «հովվաշուն». այն ցույց է տալիս յուրաքանչյուր կովի gps–տեղակայվածությունը։ Դրա համար կապի բավարար հզորություն կա։ «Հայաստանի լեռներում ամեն տեղ չէ, որ կա 3G, սակայն հասարակ GPRS–կապ այստեղ գրեթե ամենուր կա։ Իսկ դա բավարար է»,– նշում է Սարգիսը։
Բոլոր այդ տվյալներին հնարավոր կլինի հետևել հեռախոսի կամ համակարգչի միջոցով։ Եվ գյուղացին հիվանդության առաջին իսկ օրվանից կիմանա, թե կովերից որն է անառողջ և արդյո՞ք անասնաբույժին զանգահարելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ։
«Կովի պատմությունը» կպահպանվի հատուկ ծրագրում, որն ինքնակրթությամբ է զբաղվելու։ Այդ ծրագրի մեջ կլինեն տվյալներ այն մասին, թե որ ախտանիշներն են կոնկրետ հիվանդությունների հանգեցնում։
Սարգիսն ու իր ընկերներն արդեն իսկ ստեղծել են սարքի նախատիպը, որը ցուցադրել են Երևանում տեղի ունեցած DigiTec ցուցահանդեսի ժամանակ։ Այդ սարքը նա հավաքել է Երևանում, սակայն իր ծրագիրն ուզում է զարգացնել «գործին մոտ»` Գավառի ինովացիոն կենտրոնում, որն անձամբ է ստեղծել և սեփական ուժերով էլ պահպանում է։ Այստեղ նա ցանկանում է երիտասարդներին տեխնոլոգիաներ սովորեցնել և աջակցել տեղի ստարտափներին, իր նման երիտասարդներին։