Երկու փոքրիկի սարսափելի մահը Վորոնեժում. ՀՀ քաղաքացու երեխաները խեղդվել են ածխագազից

Կուսումնասիրվի, թե ինչու է միգրանտների ընտանիքն ապրել ֆերմայի տարածքում ու ինչու էին երեխաները մենակ մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վորոնեժի մոտակայքում, ենթադրաբար ածխագազից, մահացած երկու երեխաների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, նրանք ապրիլին են Ռուսաստան գնացել ու միգրացիոն հաշվառման էին կանգնած։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով Վորոնեժի մարզի Դատախազության մամուլի ծառայությանը։

Որտե՞ղ են Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երեխաները. մանրամասներ

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ 2 և 3 տարեկան երեխաները մահացել են Վորոնեժի մարզի գյուղերից մեկում` ենթադրաբար ածխագազի թունավորումից, որն առաջացել է ինքնաշեն վառարանը միացած թողելու հետևանքով։

Դատախազության տվյալներով` Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղի «Պովոդյե» ֆերմայի բնակելի տարածքում գտել են երկու փոքրիկների մարմինները`երեք տարեկան տղայի ու նրա երկու տարեկան քրոջ։ Նախնական եզրակացությամբ` նրանք մահացել են ածխագազից թունավորման հետևանքով, երբ ծնողները երեխաներին մենակ էին թողել ինքնաշեն մետաղյա վառարանով ջեռուցվող տարածքում։

Գերատեսչությունը նշում է նաև, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննչական ու օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Ուսումնասիրվելու է` ինչու էր ընտանիքն ապրում ֆերմայի տարածքում։

Միաժամանակ, տարածաշրջանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ ՔՕ 109–րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել («Անզգուշության հետևանքով երկու անձանց մահ պատճառելը»)։ Քննիչները պարզել են, որ երեխաների մարմինները գտել է Ստարայա Վեդուգայի բնակիչը, որը տեսել է, որ տունն այրվում է ու որոշել է օգնության գալ։