Սանիտարահիգիենիկ պայմանները խախտվում են. հսկողություն ՀՀ 429 մանկապարտեզում

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը հնամաշ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններն ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ։ Այս եզրահանգման են եկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, որոնք սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր։

Պիպոյան. «Հայաստանում երեխան փոքր տարիքից ձեռք է բերում սխալ սննդային սովորություններ»

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՍԱՊԾ մամուլի ծառայությունից, վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ Արագածոտնի, 62-ը՝ Արմավիրի, 35-ը՝ Գեղարքունիքի, 40-ը՝ Լոռու, 45-ը՝ Շիրակի, 16-ը՝ Վայոց Ձորի, 53-ը՝ Սյունիքի, 36-ը՝ Տավուշի, 26-ը՝ Կոտայքի մարզերում  և 26-ը՝ Երևանում։

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։ Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն:

Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքները ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում տրամադրվել է անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։