Ադրբեջանը թիրախի տակ է առել Հայաստանի սահմանամերձ գյուղերը. օմբուդսմեն

Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ կրակոցների հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաներ, տներ, խանութներ և դպրոցներ են վնասվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Տավուշի մարզի այն գյուղերում, որոնք գնդակոծել է Ադրբեջանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով

Աշխատանքների համար հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև բազմաթիվ ահազանգերը, որոնք ստացել է օմբուդսմենի գրասենյակը։ Թաթոյանի խոսքով` սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներն անմիջականորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի հետ։

Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերին։ Զեկույցի նախապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների, կանանց, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքներին։

«Մենք զրուցել ենք բնակիչների, գյուղապետների, դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ», – ասաց նա։

Աշխատանքի արդյունքում անգլերեն զեկույց են կազմել։ Օմբուդսմենն այդ զեկույցը ներկայացնելու է միջազգային համապատասխան կառույցներին։ Նա նշեց, որ Ադրբեջանը գնդակոծում է քաղաքացիական բնակչության ակտիվ գործունեության ժամերին, կրակոցներ են արձակվում դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ։ Այդ ինտենսիվության պայմաններում շատ ավելի է մեծանում վնաս պատճառելու հավանականությունը։

Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է, որ կրակոցների հետևանքով բազմաթիվ ավտոմեքենաներ, տներ, խանութներ և դպրոցներ են վնասվել։ Մարդու իրավունքների պաշտպանի մոնիթորինգային խումբն այցելել է Կոթի, Բաղանիս, Չինարի գյուղեր և մի շարք այլ բնակավայրեր։

Թաթոյանի խոսքով` նպատակը խաղաղ քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտման, բնակավայրերի (որտեղ որևէ ռազմական օբյեկտ, զորամասեր չկան) գնդակոծման փաստերի բացահայտումն է։