ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Սինգապուրի Suntec կենտրոնում գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղորսիչ շրջանակի միջով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
«Պուտինը եկել էր Suntec կենտրոն` գագաթնաժողովին մասնակցելու, ուզում էր սովորականի պես անցնել մետաղորսիչի կողքով, – գրում է պարբերականը, - բայց Պուտինին զգուշորեն ուղղորդեցին մետաղորսիչ շրջանակի կողմ»։
«Այսինքն, ոստիկանները կարծես ուզում էին ստուգել` ինչ է նա փորձում իր հետ Suntec անցկացնել... Դա առանց չափազանցության եզակի իրավիճակ էր։ Նման դեպքերում նախագահների, ցանկացած նախարարի դեպքում հատուկ վերաբերմունք են դրսևորում, լրացուցիչ անցում են բացում, որը փակ է լինում կարմիր ժապավենով։ Ժապավենը պարզապես հանում են, հետո նորից կախում։ Բոլորին հարմար է, ու հետևանքներ չեն լինում։ Իսկ այստեղ այլ կերպ ստացվեց», – գրում է «Կոմերսանտը»։
Թղթակիցը պատմում է, որ Պուտինի անցնելու պահին շրջանակը ծնգացել է, բայց ոչ ոք չի զննել Պուտինին ու չի խնդրել գրպանից հանել մետաղյա իրերը։
«Սինգապուրի հատուկ ծառայություններն անում էին այն ամենը, ինչը կարևոր էին համարում։ Մնում է հուսալ, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի այլ երկրների առաջնորդների հետ էլ է նույնը եղել։ Միաժամանակ Վլադիմիր Պուտինի ելույթը գագաթնաժողովից ընթացքում չափազանց խաղաղասեր բնույթ ուներ», – նշվում է հրապարակման մեջ։
Սինգապուրում նոյեմբերի 14–ին կայացել է Ռուսաստան – Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովը, այս օրերին նույն տեղում անցկացվում է նաև Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը։