Կոմունիստներն ու «Երկիր ծիրանին» բոյկոտում են ԱԺ ընտրությունները

Մինչ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացնում իրենց նախընտրական ցուցակները, դրանց չմասնակցող քաղաքական ուժերը հայտարարում են իրենց բոյկոտի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: Կոմկուսի տարածած հայտարարության մեջ ասված է, որ արտահերթ ընտրությունների հապճեպության, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանների` հին ընտրական օրենսգրքով, բարձր ընտրագրավի և երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտի պատճառով Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները:

«Իմ քայլը» ներկայացրել է հեղափոխական ցուցակ. լրագրողներ, նախկին ՀՀԿ պատգամավորներ

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվանում է «կեղծ նախաձեռնություն»:

«27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները և անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է»,– ասված է հայտարարության մեջ։

ԱԺ արտահերթ ընտրությունները նախանշված են 2018 թ.–ի դեկտեմբերի 9-ին։ ԿԸՀ մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը լրանում է այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 18։ 00-ին։