Ում նախաձեռնությամբ է հայաստանյան առաքելությունը մեկնում Սիրիա. Փաշինյանը բացեց փակագծերը

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսել է այն մասին, թե ինչու է Հայաստանը որոշել առաքելություն իրականացնել Սիրիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սիրիայի հետ կապված` ՀՀ քաղաքականության նպատակն է աջակցել սիրիահայ համայնքին: Այսօր` նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին` այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավորը հետաքրքրվեց` Սիրիայում առաքելություն իրականացնելը ՀՀ կառավարության նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ այդ հարցով Հայաստանին դիմել էր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը:

ՀՀ-ն կապահովի ամբողջ իրավական հիմքը զինվորականներին Սիրիա ուղարկելու համար. Մնացականյան

«Մեր նպատակն է աջակցել, որ մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքի: Դա բացառապես հումանիտար առաքելություն է, ոչ մի ռազմական ուղղվածություն չունի, և այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում»,- ասաց Փաշինյանը:

Առաքելության նպատակը, ըստ Փաշինյանի ձևակերպվել է Սիրիայի հայ համայնքի հետ, բայց նաև այդ ընթացքում ՌԴ-ի հետ որոշակի բանակցություններ են վարել:

«Մենք հարց ենք դրել` քանի որ Սիրիայում իրավիճակը փոխվել է և փոխվում է, պետք է խաղաղ կյանքի պատրաստվի նաև Հալեպի մեր համայնքը, ծագել է գաղափար, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք հալեպահայության համար խաղաղ կյանքի դաշտ ստեղծելու գործում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` թեև կային մտավախություններ, որ Հայաստանի այս քայլը այլ մեկնաբանության կարժանանա արտերկրի գործընկերների կողմից, բայց բոլոր գործընկերները, նրա խոսքով, ըմբռնումով են մոտենում Հայաստանի առաքելությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը, որն ուղղված կլինի այդ երկրում հայ համայնքի կարիքների ապահովմանը։