Պետությունը խրախուսելու է աշխատողներին. Փաշինյանը բացատրել է` ինչպես

Հայաստանի նոր իշխանությունը տնտեսական քաղաքականությունը ուղղելու է աշխատանքի խրախուսմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. 2019թ-ի բյուջեի նախագիծը իներցիոն է, քանի որ հիմնված է նախորդ իշխանությունից ժառանգած պարամետրերի վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընթացիկ քաղաքական որոշումներն այս պահին հաշվի առնված չեն նախագծում»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ ավելացնելով, որ տնտեսական քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, որոշ փոփոխություններ տեղի ունեցել են:

Մասնավորապես` տնտեսական քաղաքականությունը նոր իշխանությունն ուղղելու է աշխատանքի խրախուսմանը:

«Աշխարհի հայերի քարտեզը». ի՞նչ օգուտ դրանից, եթե հայերը չեն ուզում աշխատել

Դրա համար, ըստ Փաշինյանի, տնտեսական աճն այսուհետ պիտի հիմնված լինի համընդհանուր ջանքի վրա:

«Մենք համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ հարցը լուծել ենք, որովհետև ՀՀ-ում չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, չկան մենաշնորհներ, չկան ներմուծան ու արտահանման արգելքներ»,- ասաց Փաշինյանը:

Աշխատանքի խրախուսման նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում է միկրոբիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից: Այս հարցը, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, դեռ քննարկման փուլում է, բայց որոշվել է նվազագույն շեմ սահմանել 20-24 մլն տարեկան եկամուտ ստացող անհատ գործարարներին:

Որոշ փոփոխություններ են առաջարկվում նաև եկամտահարկի գանձման ռեժիմում:

Փաշինյանի խոսքով` մինչև 3 աշխատող ունեցող ընկերությունները կվճարեն ոչ թե 23 տոկոս յուրաքանչյուր աշխատողի համար, այլ ընդամենը 5 000 դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը նախատեսում է եկամտահարկի համահարթեցում` 23 տոկոսի չափով`անկախ աշխատավարձի չափից:

«Սրանով մենք, ըստ էության. խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, և երկրորդը` մենք հավելյալ շուրջ 50 մլրդ դրամ գումար ենք ներարկում տնտեսության մեջ: Այսինքն` մենք 50 մլրդ գումար ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ ու շրջանառության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ` սա նաև աշխատավարձերի բարձրացում է նախատեսում, քանի որ եկամտահարկի նվազման չափով ավելանում է հարկատուի աշխատավարձը: