ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Մնացականյան–Մամեդյարով հանդիպման հարցը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ Միլանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Միլանում, սակայն վերջանական որոշում դեռ չկա։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով` ավելի վաղ համանախագահներն առաջարկել էին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը մինչև տարեվերջ` Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին։

«Երբ հանդիպման հարցը պարզվի, հանրությունն այդ մասին կտեղեկացվի», – ասաց Նաղդալյանը։

Միլանում դեկտեմբերի 6-7-ը կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը։ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի այդ նիստին։