Հայ խաղաղապահ կանայք Կոսովո կմեկնեն

Հայ կանայք խաղաղապահ առաքելությամբ դեռ Սիրիա չեն մեկնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայ խաղաղապահ կանայք ծառայության կմեկնեն Կոսովո։ Այս մասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը։

Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան

«Կին խաղապահները այս փուլում գործուղվելու են Կոսովո»,- ասաց Տոնոյանը` պատասխանելով  Սիրիա կանանց մեկնելու մասին հարցին։

Նշենք, որ կանանց  դասակը հայկական խաղաղապահ բրիգադի շրջանակում ձևավորվել էր 2018 թվականի սկզբին Հայաստանի ու ՆԱՏՕ–ի երկրների միջև երկար քննարկումներից հետո։ Նման անհրաժեշտությունն առաջացել էր, քանի որ մուսուլմանական երկրներում կանանց կարող են խուզարկել միայն կանայք։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Տոնոյանի խոսքով, հայկական հումանիտար օգնության մեկնարկը կախված է նյութատեխնիկական ապահովման հարցերի լուծումից։

«Հիմա ավարտվում են նյութատեխնիկական ապահովման որոշ հուշագրային գործընթացներ։ Դա կարող է շատ արագ ընթանալ, կարող է լինել մինչև տարվա վերջ, կարող է լինել մինչև հաջորդ տարվա սկիզբ», –  ասաց Տոնոյանը։

Խումբն ամբողջությամբ պատրաստ է ու կարող է մեկնել այդ գործընթացի ավարտից անմիջապես հետո։ Նրա խոսքով` նրանք գտնվելու են Հալեպի մոտակայքում` հաշվի առնելով հայկական բնակչության, պատմամշակութային արժեքների ու այլ գործոնների առկայությունը։

Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ

Նա նշեց, որ զորակազմը օգնություն է ցուցաբերելու ոչ միայն հայկական համայնքին, այլև սիրիացիներին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների մարդասիրական համակազմը Սիրիա ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։