ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ հայտարարությունների ընդունմանը. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի դիրքորոշումը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հաստատման հարցի վերաբերյալ չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանը լրջորեն զբաղվում է ավիացիայով. ինչո՞վ են հետաքրքիր շվեդական կործանիչները

Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2–ին հեռացել է պաշտոնից։ Հայաստանում նրա դեմ 2008 թվականի մարտի 1–ի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

Տոնոյանը նշեց, որ նրա կարծիքը նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ անփոփոխ է մնացել։ Միաժամանակ նա կոչ արեց լրագրողներին սպասել դեկտեմբերի 6–ին, երբ կոնսենսուսի հիման վրա այդ հարցը կլուծվի։

«Այդ որոշումը կընդունվի կոնսենսուսի հիման վրա կամ չի ընդունվի։ Հիմա գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Սեմերիկովը։ Կազմակերպությունն աշխատում է», – ասաց Տոնոյանը։

Ավելի վաղ Տոնոյանն ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մինչ 2020 թվականը զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը։

Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնում, և Նազարբաևը կարծիք էր հայտնել, որ մեկ տարվա ընթացքում նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներ այցելել։ Դրա ֆոնին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  հակառակորդները խոսում են նրա դիվանագիտական ձախողման մասին։