ՀՀԿ–ն բռնցքամարտ է ուզում, ոչ թե խուժան կռիվ.Աշոտյանը Փաշինյանին առաջարկում է բռնցքամարտել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում ընտրողները ոչ թե իշխանություն են ընտրելու, ինչպես ընդունված է սովորաբար, այլ ընդդիմություն։ Իսկ թե որ ուժն է իշխանության գալու, արդեն իսկ պարզ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Խուժան կռվի արդյունքում մենք կունենանք խուժան խորհրդարան` դրանից բխող հետևանքներով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով առաջիկա ընտրություններին ՀՀԿ–ի նախընտրելի մարտավարությունը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում կքննարկվի քաղաքական հայտարարության նախագիծը

«Եթե այս ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը և այդ կառավարությունում իր որոշիչ ձայնն ունեցող վարչապետը։ Եթե վարչապետն իրոք ուզում է լավ ընտրություններ, ապա պետք է օր առաջ ուղերձներ տա բոլորին, որ այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի»,– ասաց նա։

Եթե հազարը մեկի դեմ է պայքարում, ապա, ըստ Աշոտյանի, «դա արդեն բռնցքամարտ չէ, այլ խուժան կռիվ։ Խուժան կռվի դեպքում մենք կունենանք խուժան խորհրդարան` այստեղից բխող բացասական հետևանքներով»,– ասաց նա` հավելելով, որ ՀՀԿ–ն պատրաստ է մեկը մեկի դեմ քաղաքական բանավեճի։

Աշոտյանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է ամեն ինչ անի, որ լինի հավասար հնարավորությունների ընտրարշավ, և դա առավելապես պետք է ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանը։

«Մենք իշխանություն չենք, պըրծ, քըխ, Հանրապետականը գնացել է։ Եկել է իշխանություն, որն ասում է` ես ավելի լավն եմ, ես ունեմ մազեր, կապուտաչյա եմ, ավելի ուժեղ եմ։ Իշխանության կարիքն ընդդիմության մեջ է լինելու, որովհետև երբ, օրինակ, ղարաբաղյան հարցով, Աստված մի արասցե, տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, ինքն այլևս չի կարողանալու ասել` գիտեք, ես ժողովրդի հետ խնդիր եմ ունենալու»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Աշոտյանը վստահ է` իրական ընդդիմությունը ՀՀԿ–ն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը գովաբանում են Նիկոլ Փաշինյանի աջակիցները։