Բաքվի լավատեսությունը և Փաշինյանի հետ կապված հույսը. ի՞նչ է սպասում Արցախին մեկ ամիս անց

Արցախի վերաբերյալ ոչ մի նոր հայեցակարգ չկա, իսկ ամեն ինչ Փաշինյանի հետ կապելու փորձը չհաջողվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների թեման երկրորդ պլան է մղվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի ֆոնին։ Փաշինյանի և Ալիևի` Դուշանբեում կայացած հանդիպումից հետո շփման գծում տիրող իրավիճակը համեմատաբար հանդարտվել է։

Լուկաշևիչը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին

Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ` պարզելու համար, թե արցախյան թեմայով բանակցություններում ինչ փոփոխություն կարող է լինել Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունից հետո։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ դժվար թե ինչ–որ արտառոց բան լինի և նոր հայեցակարգեր ի հայտ գան։

«Հայեցակարգը նույնն է և տեղավորվում է Մադրիդյան սկզբունքների շրջանակում, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը (խոսքը Ջոն Բոլտոնի մասին է` խմբ.)», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` անցած տասնամյակներում բոլոր հնարավոր տարբերակները մանրակրկիտ ուսումնասիրվել են։ Առայժմ բոլորը սպասում են Հայաստանում կայանալիք ընտրությունների ավարտին։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, կլինի բանակցությունների գործընթացի կտրուկ ակտիվացում։

Նրա կարծիքով` որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ (թեկուզ բանավոր) ինչ–որ երաշխիքներ են տվել Ադրբեջանին, որ հայկական կողմն ընտրություններից հետո կնստի բանակցությունների սեղանի շուրջ։

Լավրովն ասել է` ինչից է կախված ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցության վերսկսումը

«Գուցե ադրբեջանական կողմն ավելորդ լավատեսություն ունի այս հարցում։ Ամեն դեպքում հիմա որոշակի լռություն է տիրում բանակցությունները վերսկսելու նոր փորձերից առաջ։ Այդ մասին են խոսում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ներկայացուցիչները, այդ մասին է ասել նաև Բոլտոնը, մոտավորապես նույնը նկատի է ունեցել նաև Լավրովը», – ասաց Հակոբյանը։

Այն միտքը, որ բանակցություններն անիմաստ են առանց Ստեփանակերտի (ինչի մասին ժամանակին իր առաջին ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), քաղաքագետի կարծիքով, կմնա Հայաստանի ղեկավարի «զինանոցում»։

Ինչպես կարծում է փորձագետը, թեև բանակցությունների ձևաչափը փոխելու հայկական կողմի փորձերը շարունակվում են, այդուհանդերձ դրանք առաջին հերթին ուղղված են բանակցային ռեսուրսի ընդլայնմանը։

«Հայկական դիվանագիտությունն ամեն դեպքում փորձում է դա օգտագործել բանակցություններում ճկունության աստիճանը մեծացնելու համար», – նշեց Հակոբյանը։

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը կարծում է, որ առայժմ ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձև չկա։ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը փորձել է մշակել այն` հակամարտության լուծումը «կապելով» Փաշինյանի անձի հետ։

Մամեդյարովն ասել է` ինչն է արգելակում ղարաբաղյան գործընթացը

Ավելի վաղ Բոլտոնը հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլերի գնալու լավ հնարավորություն կունենա։ Դրան ի պատասխան` Փաշինյանը հայտարարել էր, որ ո՛չ Բոլտոնը, ո՛չ մեկ ուրիշը չեն կարող խոսել իր անունից, իսկ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ու Արցախի ժողովուրդների համար։

«Տեղի է ունենում բանաձևի պարտադրում` այդ հակամարտության լուծումը կապելով մեկ անձի հետ։ Փաշինյանը նրան պատասխանել է, որ որոշումը կայացնում է ժողովուրդը։ Այսպիսով, նա իրեն զերծ է պահել պատասխանատվությունից, համենայն դեպս, դրա քաղաքական բաղադրիչից։ Փաշինյանը փորձ է հավաքել` որպես քաղաքական գործիչ, նրա հայտարարությունները կշռադատված են», – ասաց Աթաևը։