Ի՞նչ վիճակում է Վահագն Մարգարյանը. սարսափելի վթարից հետո անհնարինն է արվում նրա համար

Ընկերը մանրամասներ է պատմել կոմայի մեջ գտնվող բալետի արտիստի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց նրա ընկերը` դիզայներ Գեղամ Շերոյանը։

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վիրավորների մեջ 2 տարեկան երեխա կա

«Բժիշկները մի դեղ են ուզել, որը Հայաստանում չկա։ Ընկերները Մոսկվայում գտել են, ուղարկում են։ Շատ կարևոր դեղ է, որն այս պահին անհրաժեշտ է։ Վահագն արդեն ընդհանուր ռեակցիաներ է տալիս։ Սիրտը մի քանի զարկ աշխատել է առանց ապարատի, ճնշումը կարգավորվել է։ Ջերմությունը նորմալ է։ Հիմա ամենակարևորը գլուխն է, արյան զեղում ունի։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրա առողջության համար»,– ասաց արտիստի Շերոյանը։

Ընկերներն ու հարազատներն ուրախանում են, որ արտիստի մոտ որոշակի ռեակցիաներ են նկատվում, թեև բժիշկներն ասում են, որ դա կարող է նյարդային ջղաձգում լինել։

«Բայց միայն այն, որ նա ապրում է, արդեն հրաշք է։ Բժիշկներն էլ են զարմացած»,– ասաց Շերոյանն ու շեշտեց, որ Վահագնի համար անհնարինն է արվում։

«Մշակույթի նախարարության շնորհիվ Հայաստանի ամենալավ բժիշկները մեկ մարդու նման ամեն վայրկյան կանգնած են Վահագնի գլխին։ Ես ինքս տեսել եմ, որ բժիշկների մի ամբողջ բանակ նրա կողքին է»,– ասաց նա։

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ Մեր տեղեկություններով` նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։