Գոռ Մինասյանը երկրորդն է աշխարհի առաջնությունում

Մրցակիցներն ամեն կերպ փորձեցին առաջ անցնել Գոռ Մինասյանից` երկրորդ տեղը նվաճելու համար, բայց բոլորն էլ անհաջողության մատնվեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Աշխաբադում անցկացված աշխարհի առաջնության վերջին օրը գերծանր քաշային կարգում, երկամարտի 450կգ արդյունքով աշխարհի փոխչեմպիոն դարձավ ծանրորդ Գոռ Մինասյանը:

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես միշտ, եզրափակում էին գերծանր քաշային կարգի ծանրորդները: Ոչ ոք չէր կասկածում, որ հաղթողի հիմնական հավակնորդը լինելու է վրացի Լաշա Տալախաձեն. այս ծանրորդի հետ պարզապես հնարավոր չէ հավասար մրցել: Օլիմպիական խաղերի չեմպիոնը, մեղմ ասած, շատ ուժեղ է մյուսներից: Բայց սպորտում ամեն ինչ պատահում է, ու նրա հետ պայքարող մարզիկների շարքը գլխավորում էր մեր Գոռ Մինասյանը:

Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում հստակ կատարելով երկու մոտեցում` ապահովեց արծաթե փոքր մեդալը` ցույց տալով 205 կգ արդյունք: Իսկ Տալախաձեն աշխարհի ռեկորդով հաղթեց այս վարժությունում 217 կգ արդյունքով: Պարզ էր, որ հայ ծանրորդը երկամարտում հիմնականում պայքարելու է արծաթե մեդալի համար: Ու ընդ որում մասնակիցների մեծամասնությունը հրում վարժությունում ավելի ուժեղ էին, քան պոկումում:

Եվ իրոք, նրանք, ովքեր հետ էին մնացել պոկում վարժությունում, պարզապես անհաշտ պայքար մղեցին մեդալների համար: Գոռ Մինասյանը, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 245 կգ կշռող ծանրաձողը, իրեն մեդալ ապահովեց երկամարտում: Սակայն դեռ պարզ չէր, թե ինչ հարգի մեդալ է նվաճել հայ ծանրորդը երկամարտում: Ակնհայտ էր, որ չեմպիոնը Լաշա Տալախաձեն է, որը երկամարտի ռեկորդ էլ սահմանեց: Իսկ ահա արծաթի ու բրոնզի համար պայքարը շարունակվեց մինչև վերջ:

Բայց մրցակիցների բոլոր փորձերը` ուղղված Գոռ Մինասյանին երկրորդ տեղի համար պայքարում շրջանցելուն, անհաջողության մատնվեցին, ու հայ ծանրորդը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր` երկամարտի 450 կգ արդյունքով, միաժամանակ արծաթե մեդալներ նվաճելով նաև առանձին վարժություններում:

Այսպիսով` Հայաստանի հավաքականը Աշխաբադում նվաճեց երկու ոսկե և հինգ արծաթե մեդալ: