Հայաստանի ուղերձներն ու Թուրքիայի արձագանքը․ Էրդողանը կուզի՞ խոսել Սարգսյանի հետ

Տարածաշրջանի տատանումների ֆոնին Հայաստանն անընդհատ պետք է պրոակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի ղեկավարությունը առաջվա պես բաց է համարում Թուրքիայի հետ երկխոսության դուռը։ Թեև «ֆուտբոլային դիվանագիտությունը» չստացվեց, և Երևանն էլ հայտարարեց, որ հրաժարվում է Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից, այդուհանդերձ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արմեն Սարգսյանն ասել են, որ պատրաստ են հարաբերությունների զարգացմանը, բայց առանց նախապայմանների։ Վերջին շաբաթների ընթացքում առավել ակտիվ է նախագահ Արմեն Սարգսյանը, համենայն դեպս՝ հռետորաբանության հարցում։

Մեծ անախորժություններ. ինչո՞վ է վտանգավոր Թուրքիայի համար Հայաստանի մասին հին երգը

Հոկտեմբերի վերջին շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը չի բացառել, որ Հայաստանը մի օր կների Թուրքիային, բայց նաև նշել է, որ «ներումը գալիս է ճանաչումից հետո»։

«Ես նախևառաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին», - ասել է նախագահը։

Նույն միտքը նա կրկնել է նոյեմբերի 9-ին ճեպազրույցի ժամանակ։ Առաջին հայացքից նույնիսկ փոքր–ինչ տարօրինակ է նման կառուցողական մոտեցումը Թուրքիայի հանդեպ, որը մինչև հիմա էլ շարունակում է կոշտ դիրքորոշումը և չի ցանկանում երկխոսության գնալ Հայաստանի հետ ու ղարաբաղյան հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ Հայաստանի նախագահի ուղերձները լիովին համահունչ են Հայաստանի` վերջին տարիների արտաքին քաղաքական մոտեցումներին։

«Մենք խոսելու բան ունենք». ՀՀ նախագահը` Էրդողանի հետ հավանական հանդիպման մասին

«Հայկական կողմը միշտ կարծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ու կողմերը միմյանց հետ խոսելու հնարավորություն ունեն՝ չնայած պատմական խնդիրներին», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Փորձագետի կարծիքով` տարածաշրջանի տատանումների ֆոնին Հայաստանն անընդհատ պետք է պրոակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարի։

«Կարծում եմ՝ հիմա կարճաժամկետ ու միջնաժամկետ արտաքին ռազմավարություն մշակելու լավ հնարավորություն կա։ Այդ ռազմավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները։ Հայաստանին գործող մեխանիզմներ են պետք այդ փոփոխություններին հարմարվելու համար։ Իսկ այդ փոփոխությունները թելադրում են նաև հարաբերությունների բարելավում հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ», - ասաց Գեղամյանը։

Փորձագետը դժվարանում է ասել` Անկարան կընդառաջի Հայաստանի նախաձեռնություններին, թե ոչ, քանի որ այդ երկրում դեռ չի ավարտվել իշխանության կոնսոլիդացման գործընթացը։ Ու շատ բան է կախված լինելու 2019 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունից։

Եթե Էրդողանին հաջողվի վերջնականապես ամրապնդել իր իշխանությունը, ապա հնարավոր է` նա որոշ նախաձեռնությունների գնա արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ հայկական ուղղությամբ։ Գեղամյանը կարծում է, որ նման դեպքում Անկարայի հնարավոր գործողությունները Հայաստանի համար կլինեն և՛ մարտահրավեր, և՛ հնարավորություն։ Իսկ հիմա թուրքական հասարակությունում գերակշռում են ծայրահեղ մոտեցումներն ու տրամադրությունները, ինչը թույլ չի տալիս Հայաստանի հետ հարաբերություններում կառուցողականության հույս ունենալ։